Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ

Քաղաքականություն

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության արդյունքով առայժմ հպարտանալ չենք կարող,- այսօր նշել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա հատկապես դժգոհ էր երկու երկրների միջեւ առկա առեւտրական հարաբերություններից:

Երեւան ժամանելուց 6 ժամ անց Սերգեյ Միրոնովը արդեն հասցրել էր հանդիպել հայ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, քննարկել «հատկապես հայկական կողմին հուզող հարցեր»: Հանդիպումների ընթացքում ռուս պաշտոնյան առանձնապես շոյվել է հայ պաշտոնյաների ջերմ եւ անկեղծ ընդունելությունից, հաճույքով վայելել է հայկական կոնյակը:

Սերգեյ Միրոնովը հայտարարում է, որ Երեւան է ժամանել մեր երկրին հուզող խնդիրներին առաջին աղբյուրից ծանոթանալու համար:«Ռուսաստանին հուզում է իր հարավային սահմանների անվտանգությունը, բայց մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորեն հակամարտող կողմերը: Երկու կողմերին ընդունելի ցանկացած տարբերակ ընդունելի կլինի Ռուսաստանի համար», - վստահեցրեց Սերգեյ Միրոնովը:

Նա նաեւ վստահեցրեց, որ Կրասնոդարի երկրամասում այլեւս հայ համայնքին վտանգ չի սպասվում:«Նրանք ՌԴ քաղաքացիներ են եւ պետք է օգտվեն բոլոր արտոնություներից, ինչպես մյուս քաղաքացիները»,- նշեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը: