Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր իշխանափոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, հակառակ դեպքում մեզ շատ անփառունակ ապագա է սպասվում, - «Արմատ» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Արարքցյանն այդ իշխանափոխությունը բացատրում է նրանով, որ նախագահ Քոչարյանի քաղաքականությունը վտանգավոր զարգացումներ է ստանում: Մասնավորապես Քոչարյանի ռուսամետ կողմնորոշումն ըստ Ազգային Ժողովի նախկին նախագահի հանգեցրել է նրան, որ Հայաստանը տարածաշրջանում հետաքրքրություն չի ներկայացնում մասնավորապես Վրաստանի եւ Ադրբեջանի հետ լուրջ համագործակցություն իրականացնող Արեւմուտքի համար:

Պարոն Արարքցյանը վտանգավոր է համարում նաեւ Ռուսաստանի կեցվածքը Հայաստանի նկատմամբ: Ըստ նրա, այսօր Կոլեկտիվ Անվտանգության բլոկին անդամակցած մեր երկրի հանդեպ գոյություն ունի մի վերաբերմունք, որի շնորհիվ Հայաստանը դուրս է մնացել այդ բլոկին անդամակցող երկրների հետ տնտեսական համագործակցությունից: Պարոն Արարքցյանին զարմացնում է մեր երկրի ջերմ հարաբերությունները Ղրղզստանի եւ Ղազախստանի հետ: Մամուլի Ազգային Ակումբի այսօրվա հյուրի տվյալներով ի տարբերություն Արեւմուտքի հետ համագործակցող Թուրքիայի, այդ բլոկին անդամակցող երկրներում վերջին վեց տարում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների նահանջ: Տնտեսությունը գնում է Արեւմուտք, մենք գնում ենք Կիրգիզստան, - ասում է Արարքցյանը:

Պարոն Արարքցյանին սարսափեցնում է հենց այն, որ հանձին Կոլեկտիվ Անվտանգության պայմանագրի, ստեղծվել է Նոր Վարշավյան բլոկ: Արարքցյանի խոսքերով, Լուկաշենկոն հայտարարել է, որ դա նոր ռազմաքաղաքական բլոկ է եւ ՆԱՏՕ-ն դա պետք է հաշվի առնի: Այսպիսով պարոն Արարքցյանը ոչ մի լավ բան չի սպասում տարածաշրջանում իրենից ոչինչ չներկայացնող Հայաստանի եւ ռասիստական պետության հավակնություններ ունեցող Ռուսաստանի համագործակցությունից:

Այսօր Բաբկեն Արարքցյանը տեղեկացրեց, որ առաջիկա ընտրություններում մեծ է լինելու Ռուսաստանի միջամտությունը: Քաղաքական ուժերը պայքարի մեջ են մտել միայն մեկ նպատակով. ով իրեն ավելի հավատարիմ կներկայացնի Ռուսաստանի նկատմամբ, եւ պատահական չէ, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Երեւան-Մոսկվա ճանապարհը տրոլեյբուսի ճանապարհ են սարքել, - նշում է Արարքցյանը:

Ի դեպ ըստ Բաբկեն Արարքցյանի, առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀՇ-ն իր բառերով, «անկասկած կունենա նախագահի թեկնածու»: «Բացառված չէ, որ սատարենք ուրիշ թեկնածուի, որ առավել մեծ շանսեր ունի հաղթելու», - ասում է Արարքցյանը: