Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՐԻԼԻ 13-ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ

Քաղաքականություն

Այսօր տեղի ունեցավ «Արդարություն» խմբակցության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեց ապրիլի 13-ին կազմակերպվելիք «Հանուն ժողովրդավարության» ֆորումի կազմակերպչական խնդիրները:

Ֆորումը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 13-ին: Միջոցառման ժամանակ գնահատականներ է տրվելու 2004 թվականի ապրիլյան իրադարձություններին, երբ ապօրինի իշխանությունն ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այսօր նիստի ժամանակ արձանագրվել է, որ անցնող մեկ տարին ապացուցել է, որ ավտորիտարիզմը գնալով խորանում է չընտրված իշխանությունների օրոք եւ իրավիճակից ելքը կարող է լինել միայն օրինական իշխանությունների ձեւավորումը:

Ֆորումը կազմակերպել է «Արդարություն» դաշինքը, սակայն, հրավիրված են ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը եւ հ/կ-ների ներկայացուցիչներ: Մեր հարցադրմանը, թե հնարավո՞ր է արդյոք դահլիճւից դուրս իրադարձությունների զարգացում` ընդուպ մինչեւ բողոքի ցույց կամ երթ, «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը նկատեց, որ դժվար է կանխատեսել: Ֆորումը դահլիճային է, իսկ դրսի հետ իրենք կապ չունեն, սակայն հնարավոր է իրադարձությունների տարերային զարգացում:

Այսօր դաշինքի նիստին մասնակցում էին բոլոր կուսակցությունների ղեկավարները բացառությամբ Արշակ Սադոյանի, որի եղբոր հուղարկավորության արարողությունն էր այսօր: