Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԻ ՏԻՄ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծերի «Տեղական ինքնակառավարում» գլուխը: Արշակ Սադոյանը չկարողացավ ներկայացնել իր տարբերակը հարգելի պատճառով՝ եղբոր մահվան կապակցությամբ չէր կարող մասնակցել քննարկմանը:

Կոալիցիայի եւ «Ժողպատգամավոր» խմբի նախագիծը ներկայացրեց ՀՅԴ պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը: Նա նշեց, որ հոդվածների քանակը մնացել է նույնը, սակայն նոր դրույթներ են ավելացել, իսկ որոշ հոդվածներ նոր խմբագրությամբ են ներկայացվել:

Առավել հետաքրքրականը նախագծերի Երեւանին վերաբերող հատվածն էր. երկու տարբերակում էր հստակ նշվում է, որ ՀՀ մայրաքաղաքը Երեւանն է: Կոալիցիայի նախագծում ամրագրվել է Երեւան քաղաքի կարգավիճակը: Երեւան քաղաքը համայնք է: Համայնքի ղեկավարի լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների լիազորությունները սահմանվում են Երեւան քաղաքի մասին օրենքով:

Օրենքով Երեւան քաղաքի համար կարող է նախատեսվել նաեւ տեղական ինքնակառավարում թաղային մակարդակով: Այս կապակցությամբ դիտողություն ուներ Եվրաինտեգրման հանձնաժաղովի նախագահ Տիգրան Թորոսյանը, որը նկատեց, որ երկաստիճան տեղական կառավարում չի լինում, եւ պետք է հստակեցում մտցնել: Կոալիցիոն տարբերակով, Երեւան քաղաքն ունի ինքնուրույն բյուջե:

Գրեթե նույն սկզբունքները` Երեւանի կարգավիճակի մասին ամրագրված են նաեւ ՄԱԿ խմբակցության Սահմանադրության փոփոխություններում, որոնք ներկայացրեց Գրիգոր Ղանջեյանը: Ըստ նախագծի, կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին կամ կրճատել համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը:

Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը մարզպետը ոչ ավելի, քան իննսուն օր ժամկետով նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ազգային Ժողովը, օրենքով նախատեսված դեպքերում, Կառավարության առաջարկով եւ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնանկության եւ Երեւան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման մասին: Նման որոշման դեպքում հանրապետության նախագահը ոչ ավելի, քան իննսուն օր ժամկետով, նշանակում է Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Կոալիցիայի տարբերակով, համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: Այսինքն, սահմանադրությունը հատուկ նորմ չի սահմանել ասենք ՏԻՄ ղեկավարի լիազորությունների դադարեցման մասին: Ամփոփելով քննարկումները` ԱԺ փոխնախագահ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ տեղական ինքնակառավարումը նոր ոլորտ է,եւ Սահմանադրության մեջ կան խոչընդոտներ տեղական ինքնակառավարման լիարժեք կայացման համար, մինչդեռ առանց լիարժեք տեղական ինքնակառավարման համակարգի պետությունը լիարժեք չի կարող լինել:

Պարոն Թորոսյանը նշեց մի քանի հիմնարար սկզբունք. տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք ինքնուրույնության ապահովման սահմանադրական երաշխիքը, Սահմանադրությունը պետք է ապահովի տեղական ինքնակառավարման համար առնվազն տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի շրջանակներում գտնվող լիազորություններ եւ երաշխիքներ, Սահմանադրությունը պետք է ապահովի բյուջետային անկախության սահմանադրական երաշխիքներ: