Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+ Ի ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Քաղաքականություն

Այսօր «Ա1+» հեռուստաընկերության դիմացից մեկնարկեց ազատ հաճախությունների ցանկը հրապարակելու եւ բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթ կազմակերպելու պահանջով հրավիրված ակցիան:

Այն սկսվեց երթով, որին մասնակցում էին լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ: Երթն ուղեկցում էր Կենտրոնի ոստիկանությունը՝ ոստիկանապետ Հովիկ Թամամյանի գլխավորությամբ: Վերջինս հենց սկզբից կարծես իրեն զգում էր իրավիճակի տեր եւ հրահանգում էր երթի մասնակիցներին՝ բարձրանալ մայթ: Սակայն ցուցարարներն ավելի համառ էին, եւ փողոցով երթը շարունակվեց մինչեւ օպերային հարող տարածք՝ Կոմիտասի արձանի մոտ: Պարոն Թամամյանն ուղղակի բոլորի ներկայությամբ իր աշխատակիցներին հրահանգեց «Ա1+»-ի բարձրախոսներով ավտոմեքենան տանել տուգանային հրապարակ: Իրավապաշտպանների ու լրագրողների ներկայությունից հավանաբար խուսափելով, «Ա1+»-ի ավտոմեքենան բարեհաջող հասավ տեղ, եւ տեղում ՝ Կոմիտասի արձանի մոտ սկսվեց մինի հավաք, որտեղ խոսք ասացին «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, իրավաբան Վարդան Պողոսյանը, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ակցիայի կազմակերպիչներից Իզաբելլա Սարգսյանը, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Այգում արդեն սկսվել էր հաճախությունների մրցույթ հրավիրելու պահանջով ստորագրահավաքը, որը կտեւի 10 օր շարունակ:

Ելույթներից հետո հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները ակցիան ավելի հրապուրիչ դարձնելու համար կիթառ ներգրավեցին ու սկսեցին երգել: Ակցիայի ողջ ընթացքում Կենտրոնի ոստիկանության, քաղաքային վարչության, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստներով ու տեսախցիկներով ԱԱ աշխատակիցները մեծ աչալրջությամբ հետեւում էին գործողությունների ընթացքին եւ տեսագրում ակցիան ամբողջությամբ:

Իսկ վերջում, կատարվեց Հովիկ Թամամյանի հրահանգը. «Ա1+»-ի ավտոմեքենան բերման ենթարկվեց տուգանային հրապարակ:

Նկատենք, որ կազմակերպվող ակցիայի մասին քաղաքապետարանը իրազեկված էր նախապես:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ