Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՀԱՄԱՐ ՔՎՈՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞

Քաղաքականություն

Այսօր ժամը 18.30-ին անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը պատրաստվում է հրավիրել արտահերթ նիստ` քաղաքացիների ավանդները վերադարձնելու հարցի վերաբերյալ: Արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն Հովհաննիսյանը հավաքել է 45 ստորագրություն: Ստորագրությունների թիվը կավելանա, ըստ պատգամավորի, քանի որ մինչեւ 15.00-ն դեռ ժամանակ կա:

ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանը չի ստորագրել, բայց Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` «Աժ նախագահը պետք է վարի այդ նիստը եւ գուցե իր առաջարկներով սյուրպրիզ անի»: Բայց ՕԵԿ-ից 6 պատգամավոր է ստորագրել, ստորագրահավաքին միացել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները, իսկ «Ժողպատգամավոր» խումբի 16 անդամներից, որոնք խոստացել էին ընդհանուր կարծիք ձեւավորել եւ միասնական հանդես գալ, ստորագրել է միայն 3 պատգամավոր:

Հովհաննիսյանը հույս ունի, որ ՀՅԴ-ն էլ կստորագրի, որովհետեւ 4 ամիս առաջ նույնաբովանդակ ստորագրահավաքի ժամանակ իրենց չստորագրելը դաշնակցականները բացատրել էին նրանով, որ նմանատիպ նիստ պետք է գումարվի հանգիստ պայմաններում, ոչ թե բյուջեի ընդունման ժամանակ:

Արտահերթ նիստի ընթացքում Հովհաննիսյանը ակնկալում է լսել 2 ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանին կից ավանդների վերադարձի հարցն ուսումնասիրող հանձնաժողովի միջանկյալ հաշվետվությունը: Պատգամավորը համոզված է, որ հանձնաժողովի անդամներն ինչ-որ բան կունենան ասելու, որովհետեւ գործունեության ժամկետը 4 ամիս է եւ արդեն անցել է երկու ամիսը: