Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՎԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Ըստ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի հերթական նիստի` շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնը որոշվելու է հոկտեմբերին կայանալիք մրցաշարում, որին մասնակցելու են հետեւյալ 8 շախմատիստները` Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Մայքլ Ադամս (Անգլիա), Վալդիմիր Կրամնիկ, Գարրի Կասպարով, Ալեքսանդր Մորոզեւիչ (3-ն էլ` Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Պետեր Լեկո (Հունգարիա): Թե որտե՞ղ կանցկացվի մրցաշարը, հայտնի կդառնա ապրիլին:

Մրցաշարը անցկացնել ցանկացողների թվում է նաեւ Երեւանը, իսկ նրա մրցակիցները կլինեն Թբիլիսին, Սինգապուրը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հայրենի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստան: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի առնվազն կես միլիոն դոլար, սակայն հնարավոր է, որ այն ավելանա:

Երեւանը խոշոր մրցաշարեր կազմակերպելու փորձ արդեն ունի: 1996թ. Հայաստանի մայրաքաղաքում կայացավ շախմատի Համաշխարհային 32-րդ օլիմպիադան: Այնուհետեւ Երեւանում անցկացվեց աշխարհի թիմային առաջնություն: Նախորդ տարի էլ Երեւանում մի քանի միջազգային մրցաշարեր տեղի ունեցան, որոնք նվիրված էին Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին:

ՖԻԴԵ-ի այս նիստում նախագահական խորհուրդը անվստահություն է հայտնել Իսպանիայի շախմատի ֆեդերացիային եւ հայտնել, որ կառույցին այլեւս չի վստահի միջազգային մրցաշարերի կազմակերպիչի դերը: Որոշման պատճառ է հանդիսացել 2004թ. իսպանական Կալվե քաղաքում կայացած Համաշխարհային օլիմպիադայի վերջում տեղի ունեցած պատահարը, որը ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Այզմարփարաշվիլին: Վերջինս մեդալները հանձման ժամանակ փորձել էր դուրս գալ բեմ եւ իր դժգոհությունը հայտնել այն բանի համար, որ վրաց շախմատիստուհիների անունները հաղթողների ցանկում չեն նշվել: Արդյունքում իրավապահները հարձակվել էին Այզմայփարաշվիլու վրա եւ ծեծելով տարել նրան անհայտ ուղղությամբ: