Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿՈՒՄ ԵՎ ԼՈՌԻՈՒՄ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՋՈՒՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Մարզեր

Այսօր նորաստեղծ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» եւ «Լոռի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հիմնավորում էին ջրի բարձր սակագին հաստատելու որոշումը: Ներկայումս երկու մարզերի բնակիչները 1խմ` խմելու ջրի համար վճարում են 100 դրամ:

ՀԾԿ հանձնաժողով ներկայացրած հայտում Շիրակի ընկերությունը նպատակահարմար է գտել 1 խմ ջրամատակարարման եւ ջրահեռացման դիմաց սահմանել 131 դրամ սակագին, իսկ Լոռու ընկերությունը՝ 138.29: Հանձնաժողովը հայտը բավարարեց մասնակի. մարզերում ապրիլի մեկից ջուրը կարժենա 121.17 դրամ:

Նշենք, որ Հայջրմուղկոյուղուց անջատվելու եւ պետության լրավճարումներից հրաժարվելու առաջին քայլերը արել են հենց այդ երկու ընկերությունները: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, միայն նշված երկու մարզերը խլում էին Հայջրմուղին հատկացված պետական սուբսիդիայի մեկ երրորդը: ՀԾԿ հանձնաժողովի հաստատած նախագծով, Շիրակի եւ Լոռու ջրմուղ կոյուղիները ջրամատակարարման բարելավման նպատակով գերմանական KFW բանկից կստանան վարկեր եւ յուրաքանչյուրը` ստացած վարկի կեսի չափով՝ դրամաշնորհներ: Վարկերը առաջիկա 7 տարում ընկերությունների փոխարեն կմարի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Այդ ընթացքում, ըստ ներկայացրած ծրագրի, նորաստեղծ ընկերությունները ոտքի կկանգնեն եւ 7 տարում նույն` տարեկան 0.75 տոկոսադրույքով կհատուցեն ֆինանսների նախարության առջեւ կուտակած պարտքը:

Հայջրմուղից անջատված ՓԲԸ-ների հսկիչ փաթեթը՝ 51%, նույնպես կառավարության ձեռքին է, մյուս բաժնեմասերի սեփականատերը համապատասխան համայնքներն են: Հետագայում չի բացառվում ընկերությունների մասնակի կամ լրիվ մասնավորեցում: