Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԻՆՍԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԷԼ ՕԳՈՒՏ ՉԵՆ ՏՎԵԼ

Մարզեր

Գյումրու մշակութային օջախները, մասնավորապես թանգարանները, մի քանի տարի է զրկված են ջեռուցումից: Լինսի հիմնադրամի ֆինանսական միջոցներով նախորդ տարի թանգարաններում տեղադրված օդատաքացուցիչները որպես ջեռուցման միջոց օգտագործելը նպատակահարմար չէ: Նորմալ ջերմաստիճան ապահովելու համար բոլոր տաքացուցիչները պիտի աշխատեն 10-ժամյա գրաֆիկով, ինչը պահանջում է ֆինանսական զգալի միջոցներ: Իսկ բյուջեից հատկացվող տարեկան գումարով թանգարաններում քիչ թե շատ բավարար ջեռուցում ապահովել հնարավոր չէ:

«Եթե մենք փորձենք գումարները ամառային սեզոնին խնայել եւ ձմռանը ծախսել էլէներգիայի վրա, կբավականացնի ընդամենը 1 ամիս: Այդ դեպքում ավելի լավ է չջեռուցենք»- «Ցայգ»-ի մեր գործընկերներին ասել է Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը:

Ցուցանմուշների պահպանման օպտիմալ ջերմաստիճանը 17- 20 աստիճանն է: Թանգարանների տնօրենների հավաստմամբ թանգարանում պիտի ապահովվի կայուն ջերմաստիճան: Հակառակ դեպքում ջերմաստիճանի կտրուկ տատանումներից կտավներն ու մյուս ցուցանմուշները արագ փչանում են:

Ցուրտ ու դատարկ ցուցասրահների աշխատակիցները հույս ունեն, որ երբեւէ նպատակին չծառայած օդատաքացուցիչները կփոխարինվեն գազով աշխատող վառարաններով կամ տաքացուցիչներով: Որպես հարցի լուծման տարբերակ քաղաքապետարանի պաշտոնյաները խոստացել են գազաֆիկացնել թանգարանները: