Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՐԲԱԹ ՕՐԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստն այսօր չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Հանձնաժողովի 12 անդամներից ներկա էին 6-ը: Փոխարենը հանձնաժողովականները խորհրդակցեցին: 40 րոպեի ընթացքում նրանք կարողացան կազմել երկու նամակի նախագիծ՝ մեկը գլխավոր դատախազին ուղարկելու համար, մյուսը՝ հոկտեմբերի 27-ի գործը քննող դատավոր Ուզունյանին:

Գլխավոր դատախազ Արամ Թամազյանից պատգամավորները ցանկանում են ճշտել, թե ինչ կարգավիճակ ունեն այժմ ԱՄՆ-ում բնակվող, ժամանակին 27-ի գործով հարցաքննված խորհրդարանի բժիշկը, բուժքույրը եւ Ազգային Հեռուստատեսության աշխատակից Տիգրան Նազարյանը: Հանձնաժողովը նաեւ ցանկանում է պարզել՝ միջոցներ ձեռնարկվե՞լ են այդ երեքին Նահանգներից հրավիրելու եւ դատաքննությանը մասնակից դարձնելու համար:

Երկրորդ նամակը վերաբերում է Նաիրի Հունանյանին Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից ՆԳ համապատասխան հաստատություն տեղափոխելուն: Ժամանակին դատավոր Ուզունյանի հանձնաժողովի նույնաբովանդակ դիմումը քննարկման հարց չդարձրեց բացատրելով, որ հանձնաժողովը դատավարության մասնակից կողմ չէ: Հանձնաժողովի նախորդ նիստին՝ նոտ 2 ամիս առաջ որոշվել էր կրկին փորձել եւ նոր նամակ ուղարկել Ուզունյանին:Սակայն առաջարկի հեղինակ եւ պաշտպան պատգամավորները, մասնավորոպես ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Զաքարյանը եւ Գրիգոր Հարությունյանը, կոմունիստ Խորեն Սարգսյանը, երկրապահ Ղուկաս Ուլիխանյանը հետեւողական չէին եղել: Նամակը ոչ միայն չէր ուղարկվել Ուզունյանին, այլեւ չէր էլ կազմվել:

Ի դեպ մայիսի 22-ին լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը: Մեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի գործով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը գործում է: Ուրբաթ օրը կայանալու է հանձնաժողովի ըստ երեւույթի վերջին նիստը, կազմվելու է հաշվետվություն: Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանն ասում է, որ եթե ուրբաթ օրը որոշվի, որ հանձնաժողովը անելիք չունի, ապա իրենք չեն դիմի խորհրդարանին իրենց լիազորությունների ժամկետը երկարացնելու խնդրանքով: