Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Մշակույթ

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարներում հայ երեխաներն են՝ ուշադիր, խելացի, աշխույժ, տխուր: «Մանկությունը հայրենիք չունի»,- ասում է լուսանկարիչը: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Զավեն Խաչիկյանի «Մենք գալիս ենք մանկությունից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ներկայացված 30 լուսանկարներից ամենահինը ինը տարվա վաղեմության է: Այն պատկերում է մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում վազող աշակետների: Լուսանկարներում նաեւ 1988թ երկրաշարժ վերապրած, արցախյան պատերազմի սարսափը տեսած երեխաներ են:

«Երեխաները տխուր չեն, մեծահասակներն են նրանց այդպես ընկալում: Նրանք տխուր են, քանզի նրանց խաղն է ընդյհատվել: Կսկսեն խաղալ եւ կմոռանան տխրությունը»,- բացատրում է Զավեն Խաչիկյանը՝ ավելացնելով, որ ինքը նկարում է կյանքը. «Ես ռեալության հետ գործ ունեմ»:

Ի դեպ, լուսանկարչի խոսքերով այս ցուցահանդեսը կարող էր կրել նաեւ «Մենք վերադառնալու ենք մանկություն» խորագիրը, բայց այդ դեպքում այն կոչի պես կհնչեր: Մինչդեռ այս ցուցահանդեսով ինքը ցանկացել է ներկայացնել իր կարծիքը ռեալ կյանքի, մանկության վերաբերյալ: