Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՏՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՂԱՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ավիացիայի մասին» օրինագծին: Այսպիսով խորհրդարանը նաեւ կողմ է «Զվաթնոց» օդանավակայանը 30 տարով արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին հանձնելուն:

Մինչեւ քվեարկությունը դահլիճում վեճ էր: Արշակ Սադոյանը հայտարարում էր, որ Էռնեկյանի հետ կնքված պայմանգրի մեջ խոսք անգամ չկա ներդրումների կամ «Զվարթնոցի» վերանորոգման ժամկետների մասին: Ըստ լուրերի պայմանագրում կա կետ, համաձայն որի «Զվարթնոցից» 200 կմ շառավղով ուրիշ օդակայան չպետք է լինի /այժմ ռուսների հետ համատեղ շահագործվում է «Էրեբունին», գործում է Գյումրիի օդանավակայանը/: Սադոյանն ասում էր, որ պայմանագիրը կարողացել է ձեռք բերել ոչ օրինական ճանապարհով: Քննարկման ընթացքում պարզվեց, որ պատգամավորները պայմանագիրը չեն կարդացել: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը խոսք խնդրեց եւ ասաց, թե մտահոգիչ է, երբ պատգամավորները պետք է քվեարկեն իրենց անծանոթ պայմանագրի համար: Նա հույս հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում պայմանագիրը կներկայացվի:

Իսկ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց հարցը պարզելու համար: Միայն ընդմիջումից հետո Արմեն Խաչատրյանը դահլիճին փոխանցեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոստումը՝ ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ Էռնեկյանի պայմանագրին: Այս խոստումը բավարար եղավ քվեարկությունն անցկացնելու համար: