Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՏ ՀԱՋՈՂ ՔԱՆԴՈՒՄ Է

Հասարակություն

2004թ ընթացքում քանդվել է 309 ինքնակամ կառույց: «Աննախադեպ ցուցանիշ է»,- Երեւանի քաղաքապետարանում ամեն երկուշաբթի հրավիրվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երվանդ Զախարյանի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նրա հավաստմամբ, նախորդ տարիներին իրենք քանդել էին ընդամենը 100 կառույց:

Այս տարի քանդվել են ավտոտնակներ, կրպակներ, մի ամբողջ հարկեր: Մինչեւ դեկտեմբերի 15-ը կքանդվի եւս 15 բենզալցակայան: Դրանք, ըստ Մուրադյանի, չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին:

Քաղաքապետարանը շարունակում է քննարկել ապօրինի կառույցների հարցը եւ դրանց ճակատագիրը կվճռվի մինչեւ 2005թ. փետրվարի 1-ը: Այդ ապօրինի շինությունների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կօրինականացվեն: Գործընթացը կտեւի 6 ամիս:

«Սա չի՞ նշանակում, որ մարդիկ կշարունակեն ինքնակամ շինարարություն իրականացնել՝ համոզված, որ այն հետագայում օրինականացվելու է» հարցին պարոն Մուրադյանը պատասխանեց՝ հնարավոր է: Միեւնույն ժամանակ քաղաքապետի խորհրդականը հասկանում է, որ պապենական վաղեմությամբ զավթած հողում կառուցվածը չօրինականացնել հնարավոր չէ: