Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԵՏՅԱԼ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ

Հասարակություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Մի քանի օրից արդեն 16-րդ անգամ հիշատակի տուրք ենք մատուցելու 88-ի ահավոր երկրաշարժի անմեղ զոհերին:

«Աղետի գոտի» հասկացության վերացման ժամկետները բազմիցս հետաձգվել են: Նախընտրական խոստումներից մեկի համաձայն «աղետի գոտի» հասկացությունը Հայաստանում չպետք է լիներ դեռեւս 2000 թվականին: Ծրագիրը ժամանակին չիրականացնելու պատճառով ստեղծված ծանր վիճակին չդիմադրող բազմաթիվ բնակիչներ լքեցին աղետի գոտին: Դա իր հերթին բերեց նրան, որ «աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով» նախատեսված միջոցառումները սկսեցին պակասել եւ նվազել, արդյունքում՝ ծրագիրը փոքրացավ: Ի դեպ, գոյություն ունի մեկ հետաքրքիր փաստ: «Աղետի գոտու վերականգնման» օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր տարի՝ ԱԺ-ում պետական բյուջեն ներկայացնելիս Կառավարության անդամները պետք է ներկայացնեն այն արտոնությունները, որոնք պետք է տրվեն աղետի գոտու բնակչությանն ու տնտեսվարող սուբյեկտներին: Պատգամավորներին պետք է նաեւ ամեն տարի ներկայացվի, թե պետական բյուջեով եւ այլ միջոցներով ինչ ֆինանսավորում, ինչ աղբյուրներից եւ ինչ շինարարություն պետք է իրականացվի: Կատարված աշխատանքների համար Կառավարությունը նույնպես պետք է հաշվետու լիներ: Եթե դա չի արվում, ապա պատգամավորները, նույն օրենքով, իրավասու են այդ պարզաբանումները պահանջել կառավարության անդամներից:

Սակայն, դժվար թե մտաբերվի որեւէ մի դեպք, երբ պատգամավորները օգտվել են իրենց այդ իրավունքից: Ի դեպ, այդ պասիվությունը ամենեւին կապված չէ տեսողության հետ: Որեւէ մեկը «կույր» չէ եւ ի տարբերություն օրինակ՝ տնտեսական աճի, աղետի գոտում կատարված աշխատանքները տեսնում են: Սակայն, Կառավարությունից հաշվետվություն չպահանջելը, ավելի շուտ պայմանավորված է պատգամավորների անտեղյակությամբ: Իհարկե, նման վիճակը բավական հարմար է տարբեր տեսանկյուններից:

Աղետի գոտու Վանաձոր քաղաքից ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը որպես օրինակ նշում է կոռուպցիան. «Եթե դուք տեսնեք, թե Լոռու մարզում ով է մրցույթները հաղթում: Դա մարզպետի ղեկավարած կառույցներն են: 2-3 կազմակերպություն, որոնք հաղթում են շինարարության տենդերներում»:

Աղետի գոտու վերաբերյալ այսօր գոյություն ունի մի վեճ. մի կողմը պնդում է, որ այդ տարածքում դեռ 6 000-7 000 ընտանիքներ բնակարանով ապահովված չեն, մյուս կողմը պնդում է, որ այդ թիվը ընդամենը 1 000 է: Իհարկե, երկրորդ տարբերակը մեր նվազ բյուջեին ավելի ձեռնտու է: Բացի այդ նվազ թվերով «թույլիկ» ծրագիրն ավելի հեշտ է իրականացնել եւ հետո անունը դնել, որ «աղետի գոտու վերականգնման ծրագիրն» արդեն իրականացվել է: Չնայած կատարված բոլոր աշխատանքներին, աղետի գոտուց ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ աղետի գոտին դեռ աղետի գոտի է. «Պրոբլեմներ կան աշխատատեղերի ստեղծման եւ գործարարնների վերականգնման առումով: Ամենամեծ գործազրկությունը աղետի գոտում է, սոցիալական ամենամեծ լարվածությունը աղետի գոտում է»:

«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, պատգամավոր Մեխակ Մխիթարյանը հակված է հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումն այնուամենայնիվ իրականացվել է. «Աղետի գոտի հասկացությունը, կարծում եմ, վերացել է: Ես չէի ասի, որ 100%-ով արդեն վերացվել են աղետի հետեւանքները եւ մարդիկ ապահովված են բնակարաններով 100%-ով: Բայց որ հսկայածավալ աշխատանք է կատարվել, դա ուղղակի պետք է արձանագրել: Աղետի գոտի հասկացության հետ համամիտ չեմ, բայց համամիտ եմ այն մտքի հետ, որ այնտեղ դեռեւս աշխատանքներ կան եւ որոնք պետք է շարունակվեն մեր բյուջեի հնարավորության սահմաններում»: Ի դեպ, 2005-ի բյուջեի հնարավորությունները այդքան էլ մեծ չեն, հետեւաբար աղետի գոտուն հաջորդ տարի կտրամադրվի ավելի քիչ գումար, քան այս 2004-ին:

«Կարծում եմ, որ միշտ չէ, որ բյուջեի հատկացրած միջոցները բավարարում են բոլոր խնդիրները լուծելու համար: Բյուջեն անսահմանափակ չէ»,- ասում է Մխիթարյանը:

Ի դեպ, «աղետի գետու վերականգնման» ծրագիրը պետք է իրականացվի մինչեւ 2007 թվականը՝ ծրագրով նախատեսված բոլոր արտոնություններով, օգնություններով եւ այլ հատուկ վերաբերմունքով: Որեւէ մեկի ասածներն ու խոստումները, կարծում ենք, ավելի համոզիչ չեն, քան այն իրողությունը ինչը յուրաքանչյուր մարդ տեսնում է իր աչքով եւ զգում իր մաշկի վրա: Ինչ վերաբերում է «աղետի գոտի» հասկացությանն, ապա ըստ Դալլաքյանի, «աղետի գոտի» է ոչ միայն կոնկրետ վերցրած մի բնակավայր, այլ ամբողջ Հանրապետությունը:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ