Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

2004 թվականի հոկտեմբերի 19-ին մոտավորապես ժամը 16-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղի տարածքի Շողունի կոչվող դաշտում գտնվող նախկին պոմպակայանի կիսաքանդ շինության մոտ հայտնաբերվել է ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ բռնի մահվան հետքերով, գլխից մինչեւ ոտքերը՝ գազանների կողմից հոշոտված վիճակում, տեղեկացնում են Գյումրի «Ցայգ» հ/ը մեր գործընկերները:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն։ Ստեղծվել է քննչական խումբ՝ 50 իրավապահներով։

Կատարվում է նախաքննություն, որի արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ տուժողը 1977թ-ին ծնված Նարինե Թելմանի Վեքիլյանն է։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Նարինե Վեքիլյանը դեպքի պահին նշված տարածքում եղել է ընկերուհու՝ 1977թ-ին ծնված Աննա Ռուբենի Յակովլեւայի հետ։ Նրանք միասին բնակվել են Գյումրու Բուլվարային կոչվող թաղամասում։

Այսօր մոտավորապես ժամը 12-ի սահմաններում Ախուրյանի տարածքի Արեւիկ բազայի պարսպի մոտ, քարակույտերի մեջ հայտնաբերվել է նաեւ Աննա Ռուբենի Յակովլեւայի դիակը՝ դարձյալ բռնի մահվան հետքերով։ Կատարվում է նախաքննություն։

2004թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 20։30-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակչուհի, 1978թ-ին ծնված Գայանե Շուրիկի Սեւոյանը ներկայացել է Ախուրյանի ոստիկանություն եւ գրավոր հայտարարել այն մասին, որ իր մայրը՝ Ասյա Հարությունի Սեւոյանը՝ ծնված 1949թ-ին, նախորդ օրը ժամը 16-ի սահմաններում տանից դուրս է եկել դաշտ գնալու նպատակով եւ չի վերադարձել։

Այսօր ժամը 11-ի սահմաններում Շիրակի մարզի Կամո գյուղի Վարվառա կոչվող հողամասում հայտնաբերվել է Ասյա Սեւոյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով՝ որովայնից մինչեւ ոտքերը հոշոտված գազանների կողմից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն։

Նշված 2 գործերով ստեղծված է համատեղ քննչական եւ օպերատիվ խումբ՝ բացահայտելու հանցագործությունները կատարողներին։