Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՐԱՊՆԴՎԵՑԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում 4-րդ հանդիպումը անցկացրեց: Այս անգամ մեր թիմը սեփական հարկի տակ ընդունեց 1-ին խմբի ֆավորիտներից մեկին` Չեխիային: Հանդիպումը շատ անհաջող սկսվեց մեր ֆուտբոլիստների համար: Արդեն 3-րդ րոպեին չեխերի առաջատար Յան Կոլլերը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը:

Աստիճանաբար ուշքի գալով Հայաստանի հավաքականը մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց եւ Էդգար Մանուչարյանին նույնիսկ հաջողվեց գրավել Չեխիայի դարպասը, սակայն մրցավարը չհաշվեց այն գտնելով, որ հարձակվողը խաղից դուրս վիճակում էր: Իսկ ահա 30-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող Տոմաշ Ռոսիցկին հեռահար հարվածով կրկնապատկեց հաշիվը:

2-րդ կեսն անցավ Չեխիայի բացահայտ առավելությամբ: Հյուրերը օգտվելով մեր պաշտպանների նվիրատվություններից մեկը մյուսի հետեւից վտանգավոր պահեր էին ստեղծում եւ զարմանալիորեն վրիպում: Այնուամենայնիվ չեխերը 3-րդ գնդակը խփեցին, երբ բացահայտ խաղից դուրս իրավիճակում Յան Կոլլերը ստացավ գնդակը եւ նետվելով առաջ` գրավեց Ապուլա Բետեի դարպասը:

Չեխերը հաղթեցին 3:0 հաշվով եւ 6 միավորով 1-ին ընտրական փուլում զբաղեցնում են 4 -րդ հորիզոնականը: Այս խմբի առաջատարներից մեկը` Ֆինլանդիան, 1:3 հաշվով պարտվեց Հոլանդիային: Իսկ ահա Անդորրան անսպասելիորեն 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային: Այսպիսով 4 խաղից հետո Հայաստանի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ միակն է այս խմբում, որը միավոր չի վաստակել: