Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՀԵՐԹԻՆ

Քաղաքականություն

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երեւանի օպերայի հրապարակում էին հավաքվել ընդդիմադիր 14 կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցությունները կազմակերպել էին քայլերթ Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդ:

Հասարակությանը օպերայի հրապարակից Եղեռնի զոհերի հուշարձան առաջնորդելու փաստը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը պատճառաբանեց այսպես. «Իշխանություններն իրենց հերթին են գնում Ծիծեռնակաբերդ, մենք մեր հերթին»: Այսօր նա զարմանում է, որ ցեղասպանության ճանաչումը Հայաստանում դարձել է պետական քաղաքականության առաջնահերթ խնդիր: Ըստ պարոն Բազեյանի, հայերի ցեղասպանության ճանաչումով նախ եւ առաջ պետք է զբաղվեն սփյուռքահայերը. «Պետք է քաղաքականությունը տանել այնպես, որ նաեւ համաշխարհային հանրությունը հետապնդեր դրա ճանաչման խնդիրը եւ ոչ միայն հայերս»:

Պարոն Բազեյանի կարծիքով իշխանությունները մի քիչ շատ են տարվել ցեղասպանության ճանաչումով. «Իշխանությունը որեւէ բացատրություն չի տվել ինչ ենք մենք ունենալու եղեռնի ճանաչման արդյունքում»: Հայաստանի իշխանություններն ըստ կուսակցության նախագահի, պետք է աշխատեն ցեղասպանության ճանաչումից հետո փոխհատուցում ստանալու ուղղությամբ: