Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ

Քաղաքականություն

Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքները սկսեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 114-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին մասնակցելու նպատակով առավոտյան Ստրասբուրգ էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։

Նստաշրջանի առաջին օրը նիստն ընթացավ Նախարարների կոմիտեի ներկայիս նախագահող Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բեռնարդ Բոտի նախագահությամբ։ Օրակարգում լսվեցին վերջին վեց ամիսների ընթացքում կազմակերպությունը նախագահած երկրի՝ Նիդեռլանդների հաշվետվությունը, ինչպես նաեւ հաջորդ նախագահողի՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հաղորդումը առաջիկա վեց ամիսներին նախագահության գերակայությունների վերաբերյալ։

Նախարարները հաստատեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը, որի նպատակը Կոնվենցիայի բարեփոխումն է Եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացման նպատակով։ Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրության համար կբացվի մայիսի 13-ին։

Նախքան նստաշրջանի բացումը նախարար Օսկանյանը հանդիպումներ ունեցավ ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերի եւ ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Բրունո Հալերի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի պարտավորությունների կատարման, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա վերաբերյալ ԵԽԽՎ վերջերս ընդունած բանաձեւի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

ԵԽ Նախարարների կոմիտեի այսօրվա նիստից հետո սկսվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։