Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է

Քաղաքականություն

Այսօր Երկրապահ կամավորականների միությունը տոնում է «Երկրապահի օրը», որով խորհրդանշվում է նաեւ Շուշիի ազատագրումը: Շուշիի հաղթանակը վճռական էր հայ ժողովրդի համար: Այդ հաղթանակը կանխորոշեց ազատագրական պայքարի հաղթական ավարտը: Այսօր Եռաբլուր էին այցելել բոլոր նրանք, ում համար թանկ է ձեռք բերված հաղթանակը:

Ի դեպ, այսօր ԵԿՄ անդամները Եռաբլուր պանթեոն այցելեցին ոչ միասնական. մասնավորապես, ԵԿՄ վարչության անդամների մի մասը՝ գեներալ Մանվել րիգորյանի գլխավորությամբ, ժամը 10.30-ին հավաքվել էին կենտրոնական գրասենյակի մոտ եւ ժամը 11-ին այցելել Եռաբլուր:

Նկատենք, որ նրանց հետ էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Երկրապահների մյուս մասը՝ վարչության անդամների մի մասի հետ, զոհված ընկերների հիշատակը հարգեցին՝ Եռաբլուր այցելելով ժամը 13-ին, ընդդիմադիր երկրապահների ու քաղաքական գործիչների հետ:

Նրանց մեջ էին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, որոնք սակայն խուսափեցին տարաձայնության կամ պառակտվածության մասին խոսելուց եւ պնդեցին, որ ուղղակի ով երբ ուզել՝ եկել է:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, եւս Եռաբլուրում էին:

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ զրուցեցինք ԵԿՄ վարչության անդամ Հովսեփ Հովսեփյանի հետ. «Մենք զենքը վերցրինք ձեռքներս ու մեկնեցինք ռազմի դաշտ, պաշտպանելու մեր հայրենիքը. մենք կոչված չենք քաղաքական կյանք մտնել»,-պատասխանելով ներքաղաքական իրավիճակում ԵԿՄ-ի անտարբերության մասին հարցին ասաց Հովսեփ Հովսեփյանը: Նա դժգոհ է այսօր երկրապահների հանդեպ վերաբերմունքից եւ նրանց սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակից.
«Չեմ կարող ասել, որ բոլոր երկրապահները լավ վիճակում են. ոչ, մենք գոհ չենք, բայց երկրի վիճակը պետք է լավանա, այդ ժամանակ երկրապահների վիճակն էլ կբարելավվի»:

Այսօր Վազգեն Սարգսյանի եղբայր, ԵԿՄ վարչության անդամ Արմեն Սարգսյանը մեկուսարանում է, մյուս վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանը նոր է դուրս եկել մեկուսարանից, բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկուսարանում է. ինչպես է վերաբերում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն այս վերաբերմունքը. «Ոչինչ, կնստենք, դուրս կգանք, բայց չենք կոտրվի»,-ուղղակի պատասխանից խուսափելով ասաց նա:

Եռաբլուրի ճանապարհին որպես պատվո պահակ կանգնած էին ապագա երկրապահները՝ դպրոցահասկ երեխաներ՝ երկրապահի համազգեստով: