Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՇԻՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Արցախյան պատերազմի հաղթական ելքը խորհրդանշող Շուշին այսօր՝ 12 տարի անց, առանձնապես փոփոխությունների չի ենթարկվել՝ բնակչության թիվն ու կյանքը քաղաքում չի աշխուժացել: Շուշիի ազատագրման դերի ու նշանակության մասին հիշեցնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը:

- Նախ պետք է ասեմ, որ Շուշիի ազատագրումը որեւէ մեկի մենաշնորհը չէ եւ մի քանիսին վերագրելն, ինչպես այսօր են անում, անթույլատրելի է: 1992-ին բոլորն էլ գիտակցում էին, որ Ղարաբաղում անհնար էր գոյատեւել առանց Շուշին ազատագրելու: Շուշին ազատագրեց ողջ հայ ժողովուրդը: Մեզ հաջողվեց պատմության անիվը պտտել հակառակ ուղղությամբ, եւ այդ պտույտները շարունակվելու են: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի:

- Ձեր կարծիքով ի՞նչ է անհրաժեշտ անել, որ պատմության անիվը շարունակվի նույն ուղղությամբ պտտվել:

- Մեզ անհրաժեշտ է ազգային իշխանություն, ինձ համար տարբերություն չկա ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ: Թե ներկայիս եւ թե նախկին իշխանությունները մեր տարածքների ազատագրման պահից սկսած որոշել են, որ այդ տարածքները բազար անելու համար են:

-Գործող իշխանություններն անընդհատ քարոզում են, որ ազատագրական պայքարից են դուրս եկել, պատերազմի հաղթանակում իրենց դերն անգնահատելի է եղել:

- Նախ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից՝ ապրիլի 13-ին հանրահավաքի ընթացքում տեղի ունեցածի համար: Ամենամեծ ստորությունը սեփական ժողովրդի, այն էլ կանանց ու աղջիկների վրա ձեռք բարձրացնելն է: Մեր իշխանությունները հայտնվել են այն նույն հոգեբանական վիճակում, ինչպիսի վիճակում էին ադրբեջանցիները Շուշին ազատագրելու նախօրյակին: Այն ժամանակ ադրբեջանցիներին թվում էր, թե հայերը երբեք չեն կարող Շուշի մտնել, իսկ հիմա մեր իշխանություններին է թվում, որ իրենք անպատիժ են մնալու: Ես խոստանում եմ, որ այդ ձեռքերը կոտրվելու են: Մենք ոչ թե մի քանիսին փոխելու խնդիր ունենք, այլ համակարգը: Մեր երկիրը օկուպացված է այդ համակարգի կողմից: Ինչ վերաբերում է անձամբ Ռոբերտ Քոչարայանին, նա անպայման պետք է հեռանա, այդ մասին խոսք լինել չի կարող:

- Ինչու՞ պետք է Քոչարյանը հեռանա:

- Ես կարող եմ մի քանի տասնյակ հիմնավորումներ ներկայացնել: Ամենագլխավորն այն է, որ նա իշխանության եկավ այն հայտարարությամբ, որ ինքը տարածքներ հանձնողը չէ, եւ դա սուտ է: Երկրրոդ եւ ոչ պակաս հիմնավոր պատճառն այն է, որ նա ատելություն մտցրեց մեր ազգի երկու հատվածի՝ հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: Իրականում մեր ժողովրդի մի հատվածը մյուսին չի ատում, ընդամենը մի մարդու են ատում: Քոչարյանը ժամ առաջ հեռանալով մեծ օգուտ կտա մեր ազգին:

- Թե ներկա եւ թե նախկին իշխանությունները անընդհատ ակնարկում են, որ առանց ազատագրված տարածքների գոնե մի մասը վերադարձնելու մենք չենք կարող ընդունվել միջազգային կառույցների կողմից: Համաձա՞յն եք:

- Հայ ղեկավարը չպետք է չկարողանա օտարին բացատրել եւ հիմնավորել, որ Ղարաբաղը, Նախիջեւանը մերն են: Մեր հակառակորդն աշխարհը չէ, միայն թուրքն է, եւ դա աշխարհին բացատրելը դժվար չէ: Մեր պատմական հողերի պահանջատիրությունը ծայրահեղություն եւ աշխահի դեմ ուղղված հարց չէ:

- Դուք խոսում եք մեր արեւմտյան հողերի մասին, սակայն այսօր վտանգի տակ է մեր արեւելյան հողերի ազատագրված մի փոքրիկ հատվածը:

- Իհարկե, այսօր առաջին հերթին մենք պետք է պահպանենք մեր ազատագրած տարածքները եւ վստահ լինենք, որ Թուրքիան իրականում շատ թույլ է, այն հնարավոր է քանդել: Ես ցավով եմ ասում, սակայն այսօր Շուշին մեր ազգի հայելին է: Շուշին ազատագրելուց մեկ ամիս հետո քաղաքում ավելի շատ բնակչություն կար, քան այսօր: Այն Շուշին, որի ազատագրումը ցնցեց ամբողջ աշխարհով մեկ սփռված հայությանն, այսօր ուրվականների քաղաք է: Քանի դեռ Շուշին այս վիճակում է, հայ ժողովուրդը լավ ապագայի մասին երազել չի կարող:

- Շուշիի ազատագրման մասին խոսելիս դժվար է մոռանալ, որ Շուշին ճակատագրական է, հատկապես Շուշիի ազատագրման օպերացիան իրականացնող հրմանատարներից Սամվել Բաբայանի համար: Նա Շուշիի բանտում հայտվեց, երբ քաղաքը դեռ ադրբեջանցիների ձեռքում էր, իսկ այսօր այնտեղ է յուրայինների շնորհիվ:

- Բաբայանի Շուշիի բանտում հայտնվելը մեր իշխանությունների կողմից հայ մարտիկիների մարտական ոգին կոտրելու ակցիա էր: Ի տարբերություն մյուսների, Սամվել Բաբայանի մասնակցությունը Շուշիի ազատագրմանն անհերքելի փաստ է:

Զրուցեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ