Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

«Չարաչար սխալվում էին բոլոր նրանք, ում թվում էր, թե Աշոտ Մանուչարյանին ծեծելով, շարքից հանելով կարող են նրան հեռացնել քաղաքական գործունեությունից: Աշոտ Մանուչարյանը սթափ գնահատում է իրավիճակը, լավ տեղեկացված է երկրում տիրող իրավիճակի մասին, կարող է քննարկել խնդիրներ. այսինքն, նա մեկուսացված չէ եւ նա ակտիվորեն մտնում է ինֆորմացիոն դաշտ»,- ասաց Մտավորականների ֆորումի անդամ, ազգային անվտանգության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Էդվարդ Սիմոնյանցը:

Նրա կարծիքով, Աշոտ Մանուչարանի հետ կատարվածը քաղաքական պատվեր էր, որն իրականացրին պրոֆեսիոնալներ, ընդ որում նրանց հիմնական նպատակն էր ոչ թե սպանել Մանուչարյանին (այդ դեպքում երեք հոգով չէին հարձակվի նրա վրա , այլ ուղղակի կիրականացնեին սպանություն), այլ ջարդել նրան, որ ինքը չկարողանա մտածել, եւ դուրս գա քաղաքական դաշտից: Էդվարդ Սիմոնյանցը նկատում է, որ իշխանական քարոզչամեքենայի հրապարակ նետած երկու վարկածն էլ անհեթեթություն է. մասնավորապես այն, թե իբր «Մանուչարյանն ի՞նչ քաղաքական գործիչ է, չէր զբաղվում ակտիվ քաղաքական գործունեությամբ, ինքը չկա ասպարեզում, ինքը քաղաքական դիակ է, ո՞ւմ էր պետք ( Իշխանություններին պետք չէր, ըստ Ռ.Քոչարյանի) նրան ծեծել, այսինքն ընդդիմությունն է արել»:

Մյուս վարկածը կենցաղային է, ինչը եւս Սիմոնյանցը համարում է անհեթեթություն: «Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասում են առնիկ Իսագուլյանը, Զորի Բալայանը կամ Ռոբերտ Քոչարյանը, ըստ որի Աշոտ Մանուչարյանը համագործակցել է իրենց հետ եւ ընդդիմությանը զսպողի դեր է կատարել: Դրանով նրանք վիրավորում են այն մարդուն, որի գերխնդիրն է ազգային անվտանգությունը: Իսկ ազգային անվտանգության խնդիրներով մտահոգ մարդու համար ամենակարեւորն այն է, որ նա, ելնելով ազգային անվտանգության շահերից, հանդիպի բոլոր նրանց հետ, ում հետ անհրաժեշտ է՝ այդ խնդիրը լուծելու համար: Դա չի նշանակում, որ եթե շփվում ես մարդկանց հետ, ընդունում ես նրանց տեսակետները»,-ասում է Էդվարդ Սիմոնյանցը:

Ի դեպ, երբ Աշոտ Մանուչարյանը տեղեկացել է, որ վարկած կա, թե իբր ինքն աշխատում էր ընդդիմության դեմ եւ այդ հաշվեհարդարը ընդդիմությունն է կազմակերպել, ծիծաղել է եւ ասել. «Ամեն ինչ կարելի է բստրել, բայց չափ ու սահման պետք է լինի»: Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա Մանուչարյանն աստիճանաբար ապաքինվում է: Ապրիլի 26-ի շատ հաջող անցած վիրահատությունից հետո Աշոտ Մանուչարյանի վիճակը կարգավորվում է: Նա տանն է, սակայն ժամանակ է պետք, որպեսզի բոլոր սպիները վերանան. հիմա ապաքինման փուլում է, որոշ խնդիրներ կան սնունդ ընդունելու առումով, սակայն դրանք անցողիկ են. նա, ի հեճուկս ստոր հանցագործության պատվիրատուների, շարունակելու է մտածել ու զբաղվել քաղաքականությամբ:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ