Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-Ն ՈՒՆԻ ԻՐ ՇԱՀԵՐԸ, ՄԵՆՔ ԷԼ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐԸ

Քաղաքականություն

Եվրամիության հանձնաժողովի պատգամավորների միայն 20 տոկոսը ընդհանուր պատկերացում ունի Հարավային Կովկասի վերաբերյալ, այնուամենայնիվ ԵՄ-ն հետաքրքրված է մեր տարածաշրջանով, առավել եւս Վրաստանով:

«Ակնհայտ է, որ Եվրամիությունը քաղաքական հետաքրքրություն ունի Վրաստանի նկատմամբ», - այսօր հայտարարեց Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Վիգեն Չիթեչյանը:

«Հայաստան- ԵՄ. զարգացման հեռանկարներ» թեմայով քննարկման բանախոսը Վրաստանի նկատմամբ հետքրքրությունը բացատրում էր նախագահ Սահակաշվիլու ԵՄ կատարած տպավորիչ այցով:
Ըստ նրա, Սահակաշվիլին, թեկուզ խոստումներով, բայց կարողացավ ստեղծել նոր վիճակ իր երկրի համար:

Պարոն Չիթեչյանի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ն ավելի զգուշավոր է, բայց Ադրբեջանը, օգտագործելով իր մարդկային ռեսուրսները՝ պահանջներ է դնում, եւ ԵՄ-ն էլ համապատասխան զիջումների է գնում:

Վիգեն Չիթերյանի ասելով՝ Եվրամիությունը ունի իր շահերը Հայաստանում եւ լուրջ համագործակցության հեռանկարներ կան: Բայց դրա համար պետք է երկրում հաստատվի կայուն քաղաքական ու տնտեսական դաշտ, եւ պետք է կարողանանք համոզել նրանց, որ մեր ցանկությունները իրականության համպատասխան են «դեկլարատիվ բնույթ չունեն»:

«Մեր խնդիրն է մեր շահերից ելնելով համագործակցել ԵՄ հետ», - ասաց ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը Հասարակակն երկխոսության եւ զարգացումների կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ: