Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑԵՂԱՍԱՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ

Քաղաքականություն

ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարություն է արել Ռուանդայի ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ:

«Մեկ տասնամյակ առաջ իրագործվեց մարդկության դեմ ամենահրեշավոր հանցագործություններից մեկը՝ Ռուանդայի ցեղասպանությունը: Ցավոք, այդ ոճրագործությունն իրականացվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը կարծես թե ուներ այն կանխելու բոլոր միջոցներն ու կառույցները:

Ռուանդայում կատարվածը վկայում է չքաված մեղքերի, լռության, անտարբերության, միայն այսօրվա հոգսերով ապրելու արատավոր վարքի վտանգավորությունը մարդկության ապագայի համար: Անպատիժ արարքը ծնում է նոր հանցագործություն, չճանաչված ոճիրը՝ նոր ոճիր:

20-րդ դարն սկսվեց եւ ավարտվեց ցեղասպանություններով: Այսօր մենք թեւակոխել ենք 3-րդ հազարամյակ եւ անհրաժեշտ է, որ այդ ծանր բեռը թողնենք նախորդին: Ուստի Չարի կանխարգելման լավագույն միջոցը անցյալի ողբերգական իրադարձություններին արդար եւ շիտակ գնահատական տալն է: Գնահատական, որը հիմնված լինի ոչ թե վրեժխնդրության, այլ մարդկության ապագան չարիքից զերծ պահելու ցանկության վրա», - ասված է հայտտարարության մեջ: