Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը վկա է, բայց չի հիշում

Քաղաքականություն
312d7187b36d3a26133b2840cbcd4dd8

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի մասով դատաքննությունը։

«Ա1+»-ի լրագրողը դատարանից հաղորդում է, որ ցուցմունք տալու նպատակով այսօր դատարան է ներկայացել Ոստիկանության ավագ օպերլիազոր Կարեն Հովսեփյանը։

Տեղեկացնենք, որ այս գործով տուժողները եւ վկաները միայն ոստիկաններ են։

Այսօր Կարեն Հովսեփյանը դատարանին հայտնել է, որ դեպքի հետ կապված շատ տհաճ հիշողությունների եւ այն պատճառով, որ արդեն 7 ամիս է անցել եւ ինքը միջադեպը «գլոբալ է հիշում» ու մանրամասներ չի հիշում, խնդրել է հրապարակել իր նախաքննական ցուցմունքները եւ իրեն ազատել դատարանում ցուցմունք տալու անհրաժշտությունից։

Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը, որը միակ ձերբակալվածն է (մյուսների խափանման միջոցն ընտրվել է ազատությունը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրության դիմաց), ոստիկանին հարցրել է՝ արդյո՞ք իր նկատմամբ կիրառված բռնությունը նույնպես տհաճ հիշողության մի մասն է։

Ոստիկանը չքմեղացել է թե. «Ես քեզ մատով չեմ կպել», որին ի պատասխան Տիգրան Առաքելյանը հիշեցրել է. «իհարկե, Դուք ինձ մատով չէ, ոտքով եք կպել»։

Այս պահին դատարանի շենքի մոտ Տիգրան Առաքելյանի եւ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ արդար դատարավորության պահանջով ակցիա է տեղի ունենում՝ «Առանց Սերժի Հայաստան» կարգախոսով։