Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՂԾՎԵՑ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՇՏԱԲ

Քաղաքականություն

Այսօր տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի հերթական նիստը: Այն սպասումները, թե այս նիստը խիստ որոշակի է լինելու եւ վճռական, չարդարացան. դաշինքի նիստը տեւեց սովորականի չափ եւ առանձնապես ընդդիմության մարտավարությանը վերաբերող հարց չքննարկվեց. միակ առաջընթաց քայլը թերեւս համակարգող խորհրդի ստեղծումն էր, որը կաշխատի շտաբային սիստեմով. կմշակվի պլան, կհամակարգի «Արդարության» քայլերը:

Համակարգող խորհրդի կամ շտաբի պետ է ընտրվել Վիկտոր Դալլաքյանը: «Արդարության» լրատվական ծառայության պետ Ռուզան Խաչատրյանից տեղեկացանք, որ «շաբաթ օրվա նիստում, որը տեւել է շատ ավելի երկար եւ տեղի է ունեցել ավելի հանգամանալից քննարկում» լսվել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի այն առաջարկությունը, ըստ որի երկու տարով ընտրվում է ժամանակավոր, անցումային նախագահ, որը երաշխավորելու է արդար ընտրությունների անցկացումը:

Դաշինքի բոլոր կուսակցությունները մերժել են այս տարբերակը. ըստ Ռուզան Խաչատրյանի, նա ընդունել է դաշինքի որոշումը: Սակայն պետք է նկատել, որ այսօր դաշինքի նիստին ԱԺՄ-ից մասնակցում էր ոչ թե Վազգեն Մանուկյանը, այլ իր տեղակալ Ալեքսանդր Բուտաեւը: Այս փաստը, սակայն, պատճառաբանվեց Վազգեն Մանուկյանի զբաղվածությամբ:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, որը պետք է ներկայացներ իշխանափոխությանն ուղղված քայլերի սեփական մարտավարությունը, ապա ոչ այս, ոչ էլ նախորդ նիստում այդ հարցը չի քննարկվել:

Ի դեպ, Ռուզան Խաչատրյանից տեղեկացանք նաեւ, որ նիստում որոշում է կայացվել դաշինքի քաղաքական գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկել դաշինքի ներսում, հետո միայն այդ մասին բարձրաձայնել: Ակնարկը հավանաբար վերաբերում է ԱԺՄ-ին եւ «Հանրապետությանը», որոնց առաջնորդները, սովորաբար, կաշկանդված չեն սեփական կարծիքը մամուլին հայտնելուց: