Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԱՅՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Հասարակություն

Մոտ 500 կին էր այսօր մասնակցում Մատենադարանի մոտ հրավիրված տոնական հանրահավաքին, որի թեման գործող իշխանություններին հեռացնելու պահանջն էր: Հանրահավաքի մասնակիցների թիվը ընդհանուր հաշվով մոտ 2 հազար էր:

«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց ուսերին «Արարատ սարի չափ դարդ ու ցավ կա»,- ասաց բանաստեղծուհի Անահիտ Քնարյանը:

«Սա մեր վերջին մարտի 8-ն է, որ հավաքվում ենք այստեղ»,- այսպես սկսեց հանրահավաքը ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը: Ըստ նրա, այսուհետ կանայք մարտի 8-ը կդիմավորեն իրենց ընտանիքներում ամուսինների հետ: Իսկ թե ի՞նչ տարբերություն կլինի այս տարվա եւ մյուս տարիների մարտի 8-երի միջեւ, տիկին Խաչատրյանը չմանրամասնեց:

Հանրահավաքում ընթերցվեց Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի ուղերձը: «Երկրում, ուր մարդիկ հարկադրաբար լքում են իրենց հայրենիքը, ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել»,- ուղերձի մեջ հարցնում էր Գրետա Սարգսյանը:
«Խոնարհվենք մեր մեծ մոր առջեւ»,- ասաց նրա ուղերձն ընթերցող Գրետա Արեյանը:

Հանրահավաքում բազմաթիվ էին կարգախոսները, որոնցում պահանջվում էր Ռոբերտ Քոչարյանի հեռացումը: «Ոչ անօրինական նախագահին», «Չենք հանդուրժի անօրինականություններ», «Քոչարյանի կլանը կործանում է Հայաստանը»,- այս կարգախոսները գրված էին կանանց բռնած պլակատներին:

Կար եւս մի պլակատ, որտեղ Հայաստանի քարտեզի վրա նկարված էր մի մարզաձող, որի վրա կարիճի կերպարանքով մարզվում է Ռոբերտ Քոչարյանը: «Քոչարյանը տուռնիկը նախագահի աթոռից չի տարբերում»,- ասաց ելույթ ունեցողներից մեկը:

Կանայք միահամուռ էին հատկապես «Ամոթ» եւ «Հեռացիր» բղավելիս: Միտինգավորներից մեկն առանց կոնկրետացնելու բղավեց. «Արթուր Մկրտչյանին սպանեց, տեսավ չի դատվում եկավ Հայաստան, որ մեզ սպանի»:

Ելույթ ունեցողներից մեկն ասաց. «Բոլոր բռնակալները, լինեն հայրենի թե օտար, դատապարտված են բռնկման... Ամենքդ գետին կմտնեք ձեր թողած հետագծի վրա»:

Ի դեպ, հանրահավաքի ժամանակ փողկապավոր ինչ-որ տղամարդիկ ծաղիկներ էին բաժանում կանանց: Հանրահավաքն ավարտվեց դեպի նախագահի ապարատ շարժվող երթով: