Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունը վաղուց միացել է այն երկրների ցանկին, որտեղ Կանանց տոնն ընդգրկված է պաշտոնական տոնացույցում: Մարտի 8-ը այն եզակի օրն է, երբ ցանկացած գործունեությունն արվում է հանուն Կնոջս եւ պաշտոնյաների ուղերձները նվիրվում են միայն կանանց:

Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում ցանկացել է հայ կանանց տեղեկացնել, որ «անգնահատելի է կնոջ դերակատարությունը մեր երկրի շենացման ու առաջընթացի գործում։ Դուք տղամարդկանց հետ հավասար, իսկ երբեմն ավելի շատ, ձեր ուսերին կրում եք ներկա հոգսերի ծանրությունը։ Նաեւ շարունակում եք մնալ միշտ հմայիչ ու կանացի՝ քայլելով ժամանակի մշակութային ու հասարակական զարգացումներին համընթաց»:

Իր շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բոլոր կանանց մաղթել է անսահման սեր ու երջանկություն: «Անուրանալի եւ չափազանց մեծ է ձեր ավանդը պետության ու նրա հիմքը հանդիսացող ընտանիքների ամրության, պետության արժանի քաղաքացիների դաստիարակության գործում: Դուք ձեր նվիրվածությամբ, անսպառ բարությամբ, հոգատարությամբ, ծով համբերությամբ ու սիրով ամենադժվարին իրավիճակներում մշտապես աջակից ու զորավիգ եք եղել ե՛ւ ձեր ընտանիքներին, ե՛ւ մեր պետությանը: Սիրելի կանայք, ձեր անանց հմայքի հետ միասին եղեք առողջ ու երջանիկ: Տոնական տրամադրություն եմ մաղթում բոլորիդ»:

Կանանց ուղղված շնորհավորական ուղերձներին միանալով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հավելում է. «Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը: Վստահ եմ, որ այսօր էլ, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում հայ կինը շարունակելու է իր հայապահպան առաքելությունը»: