Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՅԺՄ ՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Տնտեսություն

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն կառավարությունում ստորագրել են փաստաթուղթ, որով մեկնարկել է «Հակակոռուպցիոն նախաձեռնություններին մասնակցելու քաղաքացիական հասարակության ունակությունների զարգացում Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում եւ դրա արդյունքում հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով հասարակությունը կտեղեկացվի հակակոռուպցիոն նախաձեռնություններին, կմշակվի հակակոռուպցիոն նախաձեռնությունները մոնիտորինգի ենթարկելու մասնակցային մեթոդաբանություն, կստեղծվի կրթության եւ առողջապահության ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը վերահսկող հասարակական կազմակերպությունների ցանց:

Ծրագրի տեւողությունը 10 ամիս է: Այն կիրականացվի տեղական եւ հանրապետական մակարդակներում: Ըստ դրա, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կհամագործակցի մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ:

2004թ. հունվարին ՀՀ կառավարությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որով մեկնարկել է այս միջազգային համաձայնագրին Հայաստանի անդամագրվելու գործընթացը: