Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՄԱՐ ՉԿԱ ԵՐԿԻՐ ԱՅԼ ԼԱՎ, ՔԱՆ ԵՐԿԻՐՆ ԻՐ

Քաղաքականություն

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ է, այսօր առիթը բաց չթողեց քննադատելու կոմունիստ Զյուգանովին: Վերջինս ԵԽ-ում Ռուսաստանը քննադատող ելույթներ է ունենում:

Ժիրինովսկին ժամանել է իր թիկնապահի, նույն ինքը ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված, նախկինում հանքափոր, ֆուտբոլի եւ բռնցքամարտի սպորտի վարպետ Օլեգ Մանիշկինի հետ:

Վլադիմիր Վոլֆովիչը նախ մի լավ քարոզչություն արեց թեկնածուի օգտին, ապա անցավ իր ելույթին: Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ իր երկրում ազատ մամուլ կա, ինչպիսին չկա Անգլիայում, Ֆրանսիայում. «Այնտեղ չեն տպում նման բաներ, ինչպես Ռուսաստանում»:

Ռուսական մամուլը Ժիրինովսկուն մեղադրել է զենք վաճառելու համար, եւ նա ԵԽ-ում հերքեց իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները. «Երբեք մոտիկից չեմ տեսել այն զենքը, որ Ռուսաստանը վաճառում է, բայց ես այդ ամսագրին դատի չեմ տա, որ գովազդվի»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ ահաբեկչությունը կստիպի նեղացնել ժողովրդավարության սահմանները,օրինակ սահմանափակել խոսքի ազատությունը. «Ոչ թե նրա համար, որ ուզում ենք, այլ ելնելով անվտանգության նկատառումներից»:

Վլադիմիր Վոլֆովիչը ասում է, որ իրենք կոմունիստների պես ամեն տեղ չեն քննադատում Ռուսաստանին, այլ ընդհակառակը` պաշտպանում են երկրի շահերը: Նա համոզված է, որ աշխարհի ամենալավ երկիրը Ռուսաստանն է, ամենալավ քաղաքը` Մոսկվան:

Պարզվում է, նա Ստրասբուրգի ամենալավագույն ռեստորանում ուզել է թարմ նարնջի հյութ, բայց չի եղել: «Չկա, վերջացել է», - ասել է մատուցողը` համարձակվելով առաջարկել պահածոյացվածը` կոնսերվանտներով: