Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ»

Հասարակություն

Կենտրոն Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Սարո Արամյանի գլխավորությամբ այսօր հրապարակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավճիռը: Դատավորն առանց հիմնավորելու, առանց պատճառաբանելու եւ առանց հայտարարելու, որ դատարանը հաստատված համարեց մեղադրանքը, դատարանում հրապարակեց յուրաքանչյուր ամբաստանյալի դատավճիռը.
Արմեն Զավենի Սարգսյանը, որպես սպանության կազմակերպիչ, դատապարտվեց 15 տարի ազատազրկման, Ջոն Հարությունյանին, որպես անմիջական կատարող 15 տարի ազատազրկման, Ֆելիքս Առուստամյանին` 12, Գեղամ Շահբազյանին` 11 տարի, Հովհաննես Հարությունյանին / Ապեր/ եւ Գրիգոր Պետրոսյանին` 7 տարի ազատազրկման, մյուսներին ազատ արձակեցին դատարանի դահլիճից` պատժաժամկետն արդեն լրանալու պատճառով:

Դատավճիռն անսպասելի չէր ոչ տուժողների, ոչ Արմեն Սարգսյանի հարազատների համար: Սակայն Կարինե Նաղդալյանը հայտարարեց, որ ինքը համոզված չէ, որ սպանության կազմակերպիչն Արմեն Սարգսյանն է: «Ինքն ընդամենը միջնորդ է եղել, կազմակերպիչները բոլորս գիտենք, թե ովքեր են»: Պարզաբանելու լրագրողների խնդրանքին Կարինե Նաղդալյանն ասաց. «Անուններ չեմ ուզում հնչեցնեմ»:

Իսկ Արմեն Սարգսյանի պաշտպանական կողմը հայտարարում է, որ դատարանով ընդամենը ավարտվեց նախաքննությունը. դատաքննություն տեղի չունեցավ, մնացին բազմաթիվ բաց հարցեր: Եվ իրենք Արմեն Սարգսյանի անմեղությունը փորձելու են ապացուցել հաջորդ դատական ատյանում: Վճիռը հնարավոր է բողոքարկել 15 օրվա ընթացքում. ինչը եւ անելու են: