Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԱՐԴԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է ԺԽՏՈՒՄ

Հասարակություն

Եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը արձանագրված չլիներ տեսաերիզի վրա, չէր բացառվում, որ այսօր ահաբեկիչներն հայտարարերին, որ այդ իրենք չեն իրականացրել:

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն արդեն հայտարարում է, որ Վազգեն Սարգսյանի սպանության դրվագը տեսաերիզում չկա, իսկ Կարեն Դեմիրճյանը սպանվել է ոչ թե ուղիղ, այլ անդրադարձ կրակոցներից:

«Վազգեն Սարգսյանի սպանությունը նպատակ չէր, ակնկալվել է նրա ձերբակալությունը», - իր պաշտպանական ճառում հայտարարեց ամբաստանյալը:

Ըստ նրա, նախաքննության եւ դատաքննության ընթացքում ուշադրություն չի դարձվել «մի կարեւոր փաստաթղթի»: 1999թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան Էդիկ Գրիգորյանը գծել է ԱԺ նիստերի դահլիճի եւ մերձակա միջանցքների գծագիրը, որի վրա, ըստ Նաիրի Հունանյանի, ինքը 10 կետով նշել է կատարվելիք գործողությունները: Այդ գծագիրը հայտնաբերվել է Հունանյանների տան խուզարկության ժամանակ:

Ամբաստանյալի ասելով, այս փաստաթուղթը մեղադրողների կողմից հաշվի չի առնվել, որ «նշումներից հստակ երեւում է, որ սպանություններ նախատեսված չեն»:

Մեղադրող Գագիկ Ավետիսյանի խոսքերով, իրենք «շատ լավ էլ» հաշվի են առել այդ փաստաթուղթը. «Դա մեզ շեղելու խայծ էր. Հունանյանը դիտավորյալ է այդ գծագիրը տանը թողել»: