Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հասարակություն

Արաբկիր համայնքի Հովսեփ Էմինի 102 շենքի բնակիչ Սենիկ Խաչատրյանը պատրաստվում է դատի տալ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի » ընկերությանը` իր ընտանիքին հասցված ֆինանսական եւ բարոյական վնասի համար:

Խմելու ջրի աղտոտվածության հետեւանքով թունավորվել են նրա երեք թոռնիկները: Սոցիալապես անապահովների «Փարոս» համակարգում ընդգրկված Խաչատրյանների ընտանիքն արդեն 30-40000 դրամ պարտք է կուտակել` դեղերի, դիետ սննդի, ջուր գնելու համար: «Տարայով ջուրը օրեցօր թանկանում է»,- դժգոհում է Սենիկ Խաչատրյանը` ասելով, որ 1լ «Նոյի» համար 120 դրամի փոխարեն արդեն վճարում է 200 դրամ:

«Թվում է` ջրատարն արհեստականորորեն խցանվել է` ջրեղենը թանկացնելու, իրենց բիզնեսի համար»,- ժուռնալիսի տանը հրավիրված ասուլիսում կասկածեց Հայաստանի առաջադիմական երիտասարդական միության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Նա լրագրողներին հրավիրել էր` հայտարարելու, որ իրենք սկսում են պայքար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության դեմ եւ պատրաստ են անվճար իրավաբանական խորհրդատվությամբ օգնել բոլոր տուժված սպառողներին` տրամադրելով տիպային հայցադիմումներ:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, իրենք ջրաչափեր չեն կոտրի ( «Արմենթելի» դեմ ակցիայում երիտասարդները խաղալիք բջջային հեռախոսներ էին կոտրում:), քանի որ այս անգամ ցանկանում են ստանձնել «մարդկանց ինքնագիտակցության բարձրացնողի դերը»:
«Մարդիկ նախ պիտի սովորեն իրենց իրավունքներին տեր կանգնել, ապա խոսեն սակագների մասին»,- ասում է ՀԱԵՄ նախագահը:

Նրա համար տարօրինակ է, որ քաղաքացիները 200 դրամ են վճարում 1լ «Ջերմուկի» համար, իսկ ջրի վարձը չեն մարում:

Ի դեպ, երբ լրագրողները չթաքցրին իրենց թերահավատությունը «պայքարի» այս ծրագրի վերաբերյալ, առաջադեմ երիտասարդների առաջնորդը հայտարարեց. «Եթե ուշագրավ չէր ասելիքս. գնանք տներս»: