Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ

Տնտեսություն

Կապի եւ Տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը նորից ապացուցում է, որ «ԱրմենՏել»-ը չի կարող թելադրել իր սակագները եւ, որ նախարարությունն ամեն գնով կպաշտպանի ՀՀ բնակչության շահերը: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը փորձում է կրկնապատկել րոպեավճարի սակագինն ու նվազեցնել առանց րոպեավճարի սահմանված րոպեների լիմիտը:

«Հիմա շանտաժները, որ կատարվում են, փորձ է արվում մեկ անգամ եւս կառավարությանը զգուշացնել. եթե դուք մեզ զրկեք մենաշնորհից, ապա մենք կկիրառենք 8 դրամ»,- ասպիսի եզրակացություն նախարարն արել է այն տեսանկյունից ելնելով, որ մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է ներկայացվեն թիվ 60 լիցենզիայում, «Հեռահաղորդակցության մասին» օրենքում եւ հեռախոսային ծառայությունների մատուցման կարգում փոփոխություններ անելու առաջարկները:

Անդրանիկ Մանուկյանի պնդմամբ թիվ 60 լիցենզիայի 6-րդ բ-1 կետով նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի «ԱրմենՏել»-ը սակագները պետք է հաստատման ներկայացնի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն:

Սակայն, ինչպես երեւում է, այդ կետն էլ բավարար չէ անակնկալներից խուսափելու համար: «Իսկ նույնիսկ ծայրագույն դեպքում մենք ունենք պայմանագիր եւ ինձ թվում է մեր փաստարկներն այնքան հիմնավորված են, որ մենք դատարանում կկարողանանք մեր երկրի, մեր ժողովրդի շահերը պաշտպանել»,- խոստացավ Անդրանիկ Մանուկյանը: