Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՎԱՐԱԿԱԾՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՉԵՆ

Հասարակություն

Հայ ջրմուղկոյուղու վերջին տարիների աշխատանքային պրակտիկայի ընթացքում այնպիսի ծայրահեղ իրավիճակ չէր եղել, ինչպիսին ստեղծվել է վերջին մի քանի օրերի ընթացքում` Արաբկիր համայնքի ջրամատակարարման հետ կապված: Խնդրի հետ կապված Դատախազությունում արդեն հարուցված է քրեական գործ:

Թեեւ այն պնդումներին, որ Արաբկիր համայնքի ջուրն արդեն օգտագործման համար պիտանի է, այնուամենայնիվ, վարակի աղբյուրն ու պատճառները դեռ հայտնաբերված եւ ճշտված չեն: Տարբեր տեսակի լաբորատոր ստուգումներից հետո խնդրի կապակցությամբ վերջնական եզրակացություն կլինի առաջիկա 2 օրերի ընթացքում:

Այժմ նաեւ աշխատանքներ են տարվում ջրագծի վթարի վայրը գտնելու ուղղությամբ: «Աղբյուրը հայտնաբերենք հետագա նման երեւույթներից խուսափելու համար, որը եւ մենք անում ենք եւ անելու ենք, չենք հանգստանալու մինչեւ դա կհայտնաբերվի: Այս պահին եղած տեխնիկական եւ համապատասխան քիմիական ուսումնասիրությունների ընթացքում հավանական աղբյուրի թափանցման կետը Արզնիի ջրաղբյուրների ջրահավաք տարածքն է` ավազանը», - ասում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը:

Քանի դեռ վթարի պատճառները հայտնի չեն, հետեւաբար, հայտնի չեն նաեւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատուները: Սակայն, արդեն հանրությանը հայտնի են դարձել այնպիսի մանրամասներ, թե ինչ են գտնել խցանված ջրատարում. «Արզնիի թռչնաբուծարանի կոյուղագծի խցափակման արդյունքում տեղի ունեցած վթարը հավանական պատճառներից մեկն է, բայց ոչ միակը: ... Պատասխանատվությունը կկրի նա, ով վարակել է ջուրը, երբ պարզ կդառնա օջախի աղբյուրը, վարակի աղբյուրը եւ վարակի պատճառները: Այդ դեպքում նոր հնարավորություն կլինի ասելու, թե ով է մեղավորը»: Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի պնդմամբ խմելու ջուրն այսօր որեւէ վտանգ այլեւս չի ներկայացնում առողջության համար, ջուրն արդեն վնասազերծված է. «հիպերքլորացումը տհաճ է, բայց ոչ վտանգավոր»:

Այս դեպքում պարոն Մարտիրոսյանը մոռանում է մի հանգամանք, որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնց մոտ քիմիական այդ նույթից ալերգիա է առաջանում: Դա անշուշտ նույնպես խնդիրներ կարող է առաջացնել առողջության հետ:

Հասարակության մեջ բացի խուճապային տրամադրություններից եւ անորոշությունից, այսօր առաջանում է եւս մեկ հարց. ինչպես է լուծվելու փոխհատուցման խնդիրը: Այդ առումով Գագիկ Մարտիրոսյանն առայժմ արտահայտում է միայն իր անձնական կարծիքը. «Կարծում եմ, այս երկուշաբթի օրվանից, երբ մարդիկ հարկադրված ջուրը թափում էին եւ դա հաշվառվում է որպես ապրանքային արտադրանք, դա որպես ապրանքային արտադրանք չպետք է հաշվել: Դա 5 օր է, 6 օր է, 10 օր է եւ քաղաքացին այդքան մասով , կարծում եմ, պետք է ազատվի վճարից: Ինչպիսի որոշում կընդունի ընկերությունը դա լրացուցիչ քննարկման խնդիրն է»:

Ներկա դրությամբ ՀՀ բնակչությունն ունի ջրի հետ կապված եւս մեկ խնդիր. ջուր սպառողները ջրմուղից ստանում են «նախապահանջ»-ներ, որտեղ դատարան դիմելու սպառնալիքի օգնությամբ պահանջվում է վճարել ջրօգտագործման համար ունեցած պարտքը` մինչեւ 2000 թվականը կուտակված պարտքերը ներառյալ:

«Եթե Դուք դիմումը գրել եք արդեն, ապա 2000 թվականը մինչեւ չի գումարվում: Եթե Դուք դիմում չեք գրել առհասարակ` գումարվում է: Օրենքը որ ընդունվեց Աժ կողմից, այ ովքեր ծույլ են եղել, չեն գրել, այս անգամ թույլ ենք տալիս մեկ անգամ գրելու: Քանի դեռ օրենքը դուրս չի եկել իրավունք ունի: (Խոսքը «Ջրմուղկոյուղի» ընկերության մասին է, որը նախապահանջներ է ուղարկում բնակչությանը) Նա չի կարող ասել. հա օրենք պետք է լինի: Հիմա օրենքի սահմաններում է անում»,- պարզաբանեց Ջրային տնեսության պետական կոմիտեի ղեկավարը: