Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՁՄՌԱՆ

Հասարակություն

«Նախորդ տարվա ցրտաշունչ ձմեռը մեզ ցույց տվեց, որ այս տարի ավելի զգոն պետք է լինենք եւ այդ առթիվ տարվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: 2003թ.-ի ձմռան վերջին նախապատրաստական աշխատանքներ կտարվեն համայնքներում: Դրանք կլինեն աշխատանքներ նկուղներում, ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում, խողովակների մեկուսացում, տանիքների, վերելակների վերանորոգում եւ այլն»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը եւ հավելեց. «Ջեռուցման խնդիրը առկախ է մնացել, այդ պատճառով կենտրոնական ջեռուցման խնդիրը չի լուծվել: Շենգավիթ, Էրեբունի համայնքները ինչպես միշտ կենտրոնացված ջեռուցում կունենան ՋԵԿ-ի կողմից, իսկ մնացած համայնքները՝ թաղապետերի որոշմամբ կջեռուցվեն: Դպրոցներում եւ մանկապարտեզներում անկախ ամեն ինչից կլինի ջեռուցում»:

Փոխքաղաքապետի խոսքերով՝ նախորդ տարիներին կուտակված պարտքը շատ է եւ որպեսզի լրացուցիչ պարտքեր չկուտակվեն, այս տարի թաղապետարանները պայմանագիր կկնքեն բնակչության հետ: «Այն բնակիչները, որոնք ուզում են ջեռուցում ստանալ պետք է վճարեն նախօրոք», - հայտարարեց Վանո Վարդանյանը:

Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ Լինսի հիմնադրամի նախատեսած աշխատանքները այս տարի նոյեմբերի 1-ին պետք է ավարտվեին, սակայն Աբովյան փողոցում մինչ օրս տարվում են ասֆալտապատման աշխատանքներ:

Քաղաքապետի որոշմամբ 8 համայնքների են հանձնվել իրենց տարածքում գտնվող ստորգետնյա անցումները, ոռոգման ցանցը եւ կանաչ տարածքները: