Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԴԱԼՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

Հասարակություն

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այսօր «Հասարակական կազմակերպությունները քաղծառայության համակարգում» սեմինարի ժամանակ հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարարություններով:

Նախ պարոն Բադալյանն ասաց, որ «հասարակությունը դժգոհ է երկրի կադրային քաղաքականությունից»: Նա հ/կ-ներին կոչ արեց ակտիվ մասնակցել քաղաքացիական ծառայության մրցույթներին, քանի որ նրանք ներկայացնում են այդ դժգոհ հասարակությանը:

Միաժամանակ պարոն Բադալյանը հ/կ-ների հասցեին հանդես եկավ մեղադրական ակնարկներով: Նա ասաց. «Իբրեւ քաղաքացի ավելին էի ակնկալում հ/կ-ներից անաչառության եւ օբյեկտիվության տեսանկյունից»:
Խոսքը, հիշեցնենք, վերաբերվում է հասարակական այն կազմակերպություններին, որոնք մրցութային հանձնաժողովների կազմում մասնակցել են քաղաքացիական ծառայության թափուր տեղերի մրցույթներին:

Այնուհետեւ պարոն Բադալյանն հ/կ-ներից ակնկալեց «առավել բարձր հետեւողականություն»: «Եթե հ/կ անդամը նստում է մրցույթին ու մի լուրջ հարց չի կարողանում ուղղել, դա մեզ լրջորեն մտահոգում է», - ասաց քաղծառայության խորհրդի նախագահը:

Վերջինս ուզում է, որ հասարակական կազմակերպությունների անդամները լինեն կոմպետենտ, «որպեսզի մրցույթի մասնակցին գնահատելու բարոյական իրավունքն ունենան»:

Այսօր պարոն Բադալյանի տպավորությամբ հասարակության մեջ թերահավատությունը բարձր է մրցույթների օբյեկտիվության նկատմամբ: «Ոչ մի լավ գործի չեն հավատում»,- ասաց պարոն Բադալյանը: Մինչդեռ, ըստ խորհրդի նախագահի, այդ մրցույթները հենց հասարակության համար են արվում. «ՔԾ համակարգը մեզ համար չի, խորհրդի 7 անդամների համար չի»:

Մանվել Բադալյանը համոզված է, որ արդեն այսօր քաղծառայության խորհուրդը մեծ գործ է անում: Օրինակ, «մենք ավելի քան 80 պաշտոն ունենք, որոնց մրցույթները կայացել են, բայց հաղթողներ չկան»:

Պարոն Բադալյանն ակնարկեց, որ մարդիկ մրցույթներին ներկայանում են անպատրաստ: Ավելի քան 75 մրցույթ ընդհանրապես չի կայացել. «Չեն ներկայացել կամ այլ պատճառներով»: Մրցույթներում քաղծառայության խորհրդի ղեկավարն իրեն զգում է մենակ. «Դա հեշտությամբ չի լինում, բայց եթե մնա մեր ուսերին, սկսելու ենք տեղի տալ, թուլանալ, եթե հասարակությունը մեզ չաջակցի»: