Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը այսօր նշանավորվեց նրանով, որ ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվեցին: Միայն 12 միջնորդություն ներկայացրել էր Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը: Ամենածավալուն` 9 էջանոց միջնորդությամբ Օլեգ Յունոշեւը առաջարկում էր փորձագետ ճանաչել «Վիտյազ» հակաահաբեչական ջոկատի անդամ Վիկտոր Կուզովնիկովին:

Ռուս փորձագետը, ուսումնասիրելով «27»-ի գործով տեսանյութերը, ամբաստանյալների ցուցմունքները, այլ նյութեր` եզրակացրել է, որ «ահաբեկիչներն ունեցել են բարձր մարտական պատրաստվածություն, ԱԺ-ի շենքում նրանց գործողությունները ղեկավարվել են դրսից»: Նա նմանություններ է գտել «հոկտեմբերի 27-ի» եւ Իսրայելում իրականացված ահաբեկչական գործողությունների միջեւ: Ըստ Յունոշեւի, փորձագետը կարծիք է հայտնել, որ հայ ահաբեկիչները պատրաստվել են դրսում:

Կուզովնիկովը փորձագետ չճանաչվեց, Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները ճշտելու նպատակով դատաքրեգիտական համալիր փորձաքննություն չի արվի, որպես վկա դատարան չեն կանչվի նաեւ Մանվել Գրիգորյանը, Աստվածատուր Պետրոսյանը, Վովա Գասպարյանը, ամբաստանյալներին, նրանց խոսքերով, բռնությունների ենթարկած քննչական խմբի անդամները:

«Ես ուզում եմ պարզել` ճշմարտացի են եղել նախաքննության ընթացքում Նաիրի եւ Կարեն Հունանյանների ցուցմունքները` Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Նաիրի Բադալյանի եւ մյուսների ահաբեկչական ակտին մասնակցության վերաբերյալ, թե դրանք կորզվել են բռնությամբ», - իր միջնորդության հիմքերն էր բացատրում Օլեգ Յունոշեւը: Գագիկ Ավետիսյանը արեց ռեպլիկ, թե` ամբաստանյալների ասածը արդեն «հալած յուղի տեղ եք ընդունում»:

«Մենք չենք ասում, որ սրանք մարդասպաներ չեն, այլ ուզում ենք իմանալ` ովքեր են պաշտպանում այս տականքների շահերը», - հայտարարեց Անահիտ Բախշյանը: