Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հասարակություն

Այսօր դատարանում ցուցադրվեցին «հոկտեմբերի 27-ի» զոհերի եւ տուժողների արյունոտ, գնդակներից քրքրված հագուստները, ոճրագործների զենքերը, որոնք չորս տարի առաջ ԱԺ-ում «կատարված ոճրագործության իրեղեն ապացույցներն էին»: Դատարանում չորացած արյան հոտն էր տարածվել:
«Գետինը մտնեք»,- հետեւի շարքից ամբաստանյալներին դիմեց մի կին:

«Նայեք, նայեք»,-մեղադրյալներին «կոչ» էր անում մեղադրող Գագիկ Ավետիսյանը: Ամբաստանյալները գրեթե չնայեցին ոճրագործության իրեղեն ապացույցներին. նրանք գլուխները կախել էին:

Իսկ մինչեւ իրեղեն ապացույցների հետազոտումը, դատավարության մասնակիցները փորձում էին պարզել՝ «սելն է ճռռում, թե սելվորը»:

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը առավոտյան հայտարարեց, որ «դեղերով է քնել», չի կարողացել միջնորդություններ պատրաստել եւ միջնորդեց դատական նիստն ընդմիջել մինչեւ երկուշաբթի:
Միջնորդությունը մերժվեց:

Մերժվեց նաեւ տուժողի շահերի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանի միջնորդությունը, որով նա պահանջում էր տուժողների շահերի ներկայացուցիչներ Արամազդ Զաքարյանին եւ Սուրեն Սուրենյանցին թույլատրել մասնակցել դատավարությանը: Վերջիններին դատավոր Սամվել Ուզունյանը զրկել էր նիստերին մասնակցելու հնարավորությունից՝ դատարանը քաղաքական ամբիոն դարձնելու մեղադրանքով:

«Արամազդ Զաքարյանը ասել է՝ ոչ թե դատարանն է բարդակ, այլ պետությունը»,- միջնորդությանը միացավ Նաիրի Հունանյանը:

Ամբաստանյալի նման հայտարարությունը դարձավ առիթ, որ մեղադրողները հերթական անգամ հայտարարեն, որ «Նաիրի Հունանյանը եւ տուժողների ներկայացուցիչները ինչ-ինչ պատճառներով նույն բանակում են»:

«Հարազատների շիրիմները թողած, շիրիմները դրոշակ են դարձրել իրենց ճղճիմ նպատակների համար»,- ասաց մեղադրող Կորյուն Փիլոյանը:

Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ «իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխվել է», բացի այդ.«Կորյուն Փիլոյանը ինքն էլ չգիտի, որ իմ եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հունիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն եւ բանակցությունների արդյունքում է նա մասնակցում դատավարությանը»:

Կորյուն Փիլոյանը չցանկացավ մեկնաբանել. «Ծիծաղելի է»: