Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՑՎԵՑԻՆ

Հասարակություն

Տուժողի շահերի ներկայացուցիչներ Արամազդ Զաքարյանն ու Սուրեն Սուրենյանցը զրվեցին հոկտեմբերի 27-ի գործով դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից: Դատավոր Սամվել Ուզունյանը ոչ միայն արգելեց նրանց մասնակցությունը դատավարությանը, այլեւ խոստացավ դիմել դատախազությանը, որ նրանց դեմ գործ հարուցվի դատարանին սպառնալու համար:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ դատախազ Գագիկ Ավետիսյանն առաջարկեց ընթերցել գործով վկաներ Տիգրան Նազարյանի, Երան Ղազարյանի, Հասմիկ Խաչատրյանի, Անժելա Սահակովայի, Տիգրան Նաղդալյանի եւ Նորայր Եղիազարյանի նախաքննական ցուցմունքները:

Վերջին երկուսը ողջ չեն: Իսկ առաջին չորսը, ըստ Երեւանի ՆԳ վարչության տեղեկանքի, հանրապետությունում չեն, եւ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Սամվել Ուզունյանը հայտնեց, որ չկան վկաներին արտերկրից կանչելու լծակներ: Տուժողի շահերի ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանը միջամտեց, թե ցանկության դեպքում կարելի է վկաներին դատարան բերել:

Թե ներկայացուցչի, թե դատավորի նյարդերը չդիմացան. բուռն լեզվակռվից հետո դատավորը Արամազդ Զաքարյանին դատարանի դահլիճից դուրս հրավիրեց:
«Իշխանափոխություն որ լինի, դուք պատասխան եք տալու»,- հայտարարեց դահլիճից հեռացողը:

Ընդմիջումից հետո տուժողի շահերի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը դատավորին հարցրեց ՝ քրեական օրենսգրքի որ հոդվածի համաձայն է Արամազդ Զաքարյանը հեռացվել դահլիճից:

Սամվել Ուզունյանը նրան տեղեկացրեց, որ ընդդիմության հանրահավաքը հոկտեմբերի 17-ին է:
«Ես հեռանում եմ, ժամանակը ամեն ինչ ցույց կտա»,- նետեց Սուրեն Սուրենյանցը: Նրա հեռանալուց հետո էլ դատարանում շարունակվեց «կոչեցյալ ներկայուցիչների» մասին քննարկումները:

Ըստ դատախազ Կորյուն Փիլոյանի, տուժողների ներկայացուցիչները դատարան են գալիս ինչ-ինչ նպատակներով, թեեւ «այդ նպատակներն իրեն հայտնի են»: Ըստ դատավորի ու դատախազների, իրենք թույլ չեն տալու, որ դատավարությունը քաղաքականացվի:

Տուժողների շահերի ներկայացուցիչներին հեռացնելուց հետո դատախազները սկսեցին արագ-արագ ընթերցել արտասահմանում գտնվող վկանների նախաքննական ցուցմունքները:

Ի դեպ, այդ ցուցմունքները չէր լսում նաեւ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը: Նրա թարգմանչուհու երեխան հիվանդացել էր, եւ փաստաբանը, Սուրենյանցի միջոցով խնդրել էր երկու օրով հետաձգել դատավարությունը: (Խնդրանքը հաշվի չառնվեց):

Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 15-ին: