Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (3)
A A
Պաշտոնական

Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» ներկայացմամբ

Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝  Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ:
Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով:
Հրավիրված ասուլիսին Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինն ընդգծել է, որ սա Երևանի համար իրապես բացառիկ հնարավորություն է, որն ընձեռվել է քաղաքապետի կողմից:  Անգլիայի ազգային բալետը չի բացառում նաև հետագայում համագործակցության հնարավորությունները:

Գլխավոր դերակատարներ Էրինա Տակահաշին ու Ջեյմս Սթրիթերն իրենց հերթին նշել են, որ սիրով են սպասում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը՝ փոխանցելու նոր զգացողություններ:  

Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը: 

«Հյուրախաղերին ընդառաջ իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ թատրոնի վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման համար»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Օդային, ծովային և ցամաքային տարբերակով շուրջ 25 տոննա ռեկվիզիտներ, դեկորացիաներ, լուսային-ձայնային տեխնիկական հատուկ միջոցներ են բերվել Երևան:

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, մայիսի 11-ին՝ ժ. 14:00-ին և 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումը տարածաշրջանում առաջին անգամ է ցուցադրվելու՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը: