Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ ՍԵՂԱՆ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Տնտեսություն

ԱԺ նորանշանակ նախագահին կից արդեն գործում են մի քանի նորաստեղծ հանձնաժողովներ` հաշմանդամների, փախստականների հիմնախնդիրներն ուսումնասիրող: Հերթն արդեն հասել է փոքր եւ միջին ձեռնորեցությանը:

Հայրենի կառավարության բազմաթիվ հայտարարություններից շարքային քաղաքացին վաղուց արդեն տեղեկացել է, որ փաստաթղթերի վրա մշակված ռազմավարությունում փոքր եւ միջին բիանեսի զարգացումը գերակա ճյուղ է համարվում:

Թե ինչպես է դրսեւորվում այդ գերակայությունը հայտնի չէ, միայն կան հստակ տեղեկություններ, որ այս տարվա ամիսների ընթացքում միայն Լոռու մարզում լոիծարվել է 230-ից ավելի փոքր ձեռնարկատիրություններ: Նրանց լուծարման հիմնական պատճառը հարկային ծանր բեռն է, որի կիրառմամբ իշխանությունն այսօր փորձում է ամեն կերպ փակել բյուջեի ճեղքվածքները` թեկուզ եւ փոքր ձեռներեցների հաշվին:

Հայ գործարարների միության նախագահ Հովսեփ Սեֆերյանը պնդում է, որ Հայաստանի տնտեսվարողների 90 տոկոսը այսօր կանգնած են սնանկության առջեւ, քանի որ ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո ձեռք բերվող սեփականության հետ ստացել են նաեւ այդ կառույցի նախկին պարտքերը, տույժ ու տուգանքները:

«Քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ կալանավորների համաներում շնորհեցին, մարդասիրություն ցուցաբերեցին: Ինչո՞ւ նույնը չի արվում տնտեսությունում: Ինչո՞ւ չի իրականացվում տնտեսության առողջացում: Թող համաներում շնորհեն այն կազմակերպություններին, որոնք պարտավորվեն մի քանի ամսվա ընթացքում գտնել նոր ներդրող իրենց ձեռնարկության հետագա աշխատանքի համար», - ասում է գործարարը:

Տնտեսվարողներն ընդանրապես մի քիչ զգուշավորությամբ են վերաբերվում նորաստեղծ խորհուրդներին, քանի որ այդ հարցում գոյություն ունի աբսուրդ. կան բազմաթիվ ոչինչ չանող կազմակերպություններ, դրանք դեռ չլուծարած ստեղծվում են նորերը: «Գալիս են, որոշում են կայացնում եւ ոչ մի գերատեսչություն, ոչ մի պաշտոնյա չի ցանկանում արձագանքել: Արդյունավետության համար ինտերակտիվություն պետք է լինի աշխատանքում», - նշում է արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Բացի այդ ամենից գործարարների սկզբնական թերահավատությունն ուներ եւս մեկ պատճառ. ցանկացած կառույց եթե չֆինանսավորվի նպայման ոչ մի արդյունքի չի հասնի: Իսկ ԱԺ նախագահին կից ստեղծված նոր խորհրդի կանոնադրությունում ֆինանսավորման մասին որեւէ ակնարկ չկա:

Արթուր Բաղդասարյանը այդ մտավախությունը անհիմն համարեց, քանի որ միանշանակ կարծում է. եթե կառույցը ստեղծվել է Աժ նախագահին կից, ապա այդ կառույցի ֆինանսավորումն էլ պետք է իրականացվի Աժ-ի կողմից: Բացի դրանից կան խորհրդարանական մի շարք գործարարներ, որոնք իրենց պարտաստակամությունն են հայտնել աջակցել Արթուր Բաղդասարյանի ստեղծած հանձնաժողովին: Եթե իրոք ֆինանսավորումը դրվի նմանատիպ լուրջ հիմքերի վրա, ապա միգուցե այդ հաձնաժողովը կհանդիսանա միակ նորմալ ֆինանսավորվող կառույցը:

Նախատեսվում է, որ ԱԺ նախագահին կից փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարցերով զբաղվող հանձնաժողովը խորհրդարանի շենքում կունենա հատուկ հատկացված սենյակ:

Ի դեպ, հանձնաժողովը գլխավորելու է պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նա ոչ միայն «Օրիանց Երկիր» կուսակցության անդամն է, այլեւ հայտնի է նրանով, որ մի քանի տարի առաջ կազմակերպում էր բողոքի ակցիաներ հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներդրման համակարգի դեմ:

Խորհրդարանական հանձնաժողվին հնարավորություն կրտվի առաջարկություններ անել փոքր եւ միջին ձեռներեցությանը վերաբերող օրենքների փոփոխության ընթացքում:

Ի դեպ, նորաստեղծ հանձնաժողովի նորաստեղծ ղեկավարը իր ելույթի ընթացքում օրինակ բերեց, թե մասնավորապես ինչ խնդիր է պետք լուծել գործարարների համար: Տարածքային հարկային տեսչություններում փաստաթղթեր լրացնելու համար պայմաններ ստեղծված չեն եւ գործարարները ստիպված են լինում այդ փաստաթղթերը դնել աթոռների, պատերի, ծնկների վրա: Փաստորեն հանձնաժողովի ղեկավարը իր աշխատանքում գերակա քայլ է համարում տարածքային հարկային տեսչություններում գոնե մեկական սեղան տեղադրելը: