Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵՆ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է ԿԱՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ՈՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը երկրի տնտեսական 12,9 տոկոս աճի մասին լեգենդը հերթական անգամ ներկայացվեց Աժ-ում: ԱԺ-ի մշտական հանձնաժողովներին ներկայացվեց 2002 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, 2002 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու գրանտները ծրագրով նախատեսված 222.3 մլրդ. դրամի դիմաց կազմել են 228.3 մլրդ դրամ` արձանագրելով տարեկան ծրագրային ցուցանիշի 2.7 տոկոս /6.0 մլրդ դրամ/ գերակատարում:
2001 թ. համեմատ պետբյուջեի եկամուտներն ու գրանտները ավելացել են 17.9 տոկոսով կամ 34.7 մլրդ դրամով:

Մի խոսքով հանրապետական կառավարությունն աշխատել է անթերի, դեռ մի բան էլ գերակատարել է պլանները: Սակայն Վարդան Խաչատրյանը խոստովանում է, որ «եղել է նաեւ թերակատարում, որը կապված է եղել Համաշխարհային բանկի կողմից վարկերի այլ ծրագրերի իրականացման հետ, օրինակ ճանապարհաշինությունը. մենք պլանավորել էինք ավելի շատ, բայց կատարվեց այնքան, ինչքան կատարվեց»:

Ներկայացնելով Հայաստանի տնտեսության նախորդ տարվա ընդհանուր բնութագիրը Վարդան Խաչատրյանը նշեց, որ 2002 թվականը բարեփոխումների տարիների շարքում հանդիսացել է տնտեսական աճի տեսակետից ամենաբարենպաստը:

Վարդան Խաչատրյանը նաեւ հպարտորեն արձանագրում է, որ 2002-ին հաջողվել է մարել Ռուսաստանի, Թուրքմենիայի եւ Եվրամիության պարտքերը: Վարդան Խաչատրյանի հպարտ կեցվածքը կարելի է հասկանալ իհարկե, եթե ձեռքբերում համարենք Ռուսաստանին պարտքի դիմաց ռազմավարական նշանակություն ունեցող հայկական ձեռնարկությունների ՌԴ-ին հանձնումը:

Պետք է նկատել, որ բյուջեն կատարվել է նաեւ բազմաթիվ մեծ եւ միջին ձեռնարկությունների սեփականաշնորհման գումարների հաշվին, որոնք 2002-ի բյուջեում երեւում են, իսկ հետագայում չեն լինելու եւ գումարները եւ ձեռնարկությունները. մասնավորապես 944 միլիոն դրամ բյուջե է մուտքագրվել ձեռնարկությունների մասնավորեցման շնորհիվ:

Ի դեպ, բյուջեի կատարողական հաշվետվությանը ներկա էին մի քանի պատգամավոր, որոնք սակայն որեւէ հարց չուղղեցին նախարարին: Օրինակ Միքայել Վարդանյանը /Հրանտ Վարդանյանի որդին/ այս երեւույթը բացատրեց նրանով, որ ինքը միայն հաշվետվությունից առաջ է ստացել կատարողականը եւ չէր կարող տեղում կողմնորոշվել: Բայց վերջինս իր վրա անձամբ զգացել է հայտարարված 12,9 տոկոս աճը: Ինչը չես ասի նիստին մասնակցող «Ազգային Միաբանության» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի մասին:

Նա պատասխանելով «հավատո՞ւմ եք տնտեսական աննախադեպ աճին» մեր հարցին, ասաց. «Էդ թվերին իրենք հավատում են, որ ես հավատամ, կամ հասարակությունը հավատա: Նախ իրենք թող հավատան»: