Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ԼԻԻՐԱՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Տնտեսություն

2004 թվականին, հյուսիսից մինչեւ հարավ Հայաստանն ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ: Դա կհաջողվի անել, եթե այդ նպատակով հատկացված 2.5 միլիարդ դրամը ծախսվի նպատակային, առանց «գումարային տնտեսումների» եւ որն ամենակարեւորն է բոլոր աշխատանքները տեղավորվեն կազմված ժամանակացույցի մեջ:

Հատկացված գումարը հիմնականում ծախսվելու է ոչ թե նոր ճանապարհների շինարարությանը, այլ որոշ ճանապարհների ձմեռային պահպանությանը, անձրեւներից եւ ջրհեղեղներից տուժած հանրապետական ճանապարհների վերականգնմանը:

Կապի ու Տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը խոստանում է, որ աշխատանքների ժամանակացույցը եւ ծախսված գումարը կոպեկ առ կոպեկ կներկայացվեն հանրությանը:

Բացի այդ պարոն Մանուկյանն ունի մեծ հեռանկարներ կապված Համաշխարհային Բանկի հետ համագործակցության հետ:
ՀՀ մոտ 900 համայնքների համայնքային ճանապարհների վերանորոգման եւ կառուցման համար Անդրանիկ Մանուկյանի հաշվարկներով անհրաժեշտ է 100 մլն. դոլար: Այդ գումարը Հայաստանում հոյս ունեն ստանալ ՀԲ-ից:

Հայկական կողմը գիտակցում է, որ այդ գումարը չի կարող լինել դրամաշնորհի կամ նվիրատվության տեսքով, ուստի կազմելու են ծրագիր եւ ներկայացնեն ՀԲ՝ պարզապես վարկ ստանալու ակնկալիքով:

Կառավարություն հստակ որոշել է շահագործել նաեւ Պուշկինի լեռնանցքը շրջանցող թունելը: Ժամանակին մտադրություն կար եւ այդ առաջարկով հանդես էր գալիս նաեւ Անդրանիկ Մանուկյանը, որպեսզի այդ թունելի շահագործումը վճարովի լիներ:

«Ամբողջ աշխարհում կա վճարովի ճանապարհներ, կամուրջներ: Ճիշտ կլիներ վճարեին, բայց այսօր վաղ է դրա մասին խոսել», - իր այս արտահայտությամբ Կապի եւ Տրանսպորտի նախարարը հաստատեց, որ ՀՀ քաղաքացիները Պուշկինի լեռնանցքի թունելից առայժմ կկարողանան օգտվել անվճար: