Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՆ ԱՄԵՆ ՏԵՂ ՈՒՐԻՇ Է

Տնտեսություն

Շատ շուտով Հայաստանում կավելանա եւս մեկ ոլորտ, որտեղ «մերն ուրիշ է» լինելու: «Գրանդ Հոլդինգ»-ը որոշել է զբաղվել ալտերնատիվ էներգիայի խնդիրներով, քանի որ մնացած մյուս իր բիզնեսներն արդեն կայացած է համարում:

Եթե հանրաճանաչ կինոֆիլմի միջոցով կարելի է արձանագրել, որ խմելու ջրի որակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը, ապա գործարար Հրանտ Վարդանյանը պնդում է, որ արեւային օրեր ունենալու առումով Հայաստանը 3-րդ տեղում է:
«Հայաստանում կա 286 արեւային օր»,- տեղեկացնում է գործարարը: Այդ թիվը բավական էր, որպեսզի նա հաշվարկի նոր բիզնես սկսելու հեռանկարը:

Մինչ նոր բիզնեսով զբաղվելը Հրանտ Վարդանյանն իր վրա ծանր պարտավորություն է վերցրել Հայաստանի բնակչությանը սովորեցնել արեւային էներգիայից օգտվելու հնարավորությունից: Ալտերնատիվ էներգիայի տեխնոլոգիաներին Հայաստանի բնակչությանը ծանոթացնելու նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը Իրանից ներկրել է 60 հատ արեւի ջրատաքացուցիչ, որոնք խոստանում է Հայաստանի բնակիչներին վաճառել ինքնարժեքով` 400 դոլարով:

Այս պահին դրանից ոչ մի օգուտ ընկերությունը չի ունենա, բայց հույսեր ունի, որ արեւային էներգիայի դրական կողմերին ծանոթանալուց հետո Հայաստանում կսկսվի արեւային ջրատաքացուցիչների պահանջարկ: Այդ ժամանակ նոր «Գրանդ Հոլդինգ»-ը կանցնի գործի:

Հրանտ Վարդանյանն այսօր առայժմ հայտարարում է, որ այդ սարքի ոչ միայն ներկրման, այլեւ արտադրության համար մենաշնորհ չի ունենալու: Այնպես որ մեծահոգաբար նա նշեց. «բացի մեզանից Հայաստանում ուրիշները նույնպես կարող են դա արտադրել»:

Դժվար է ասել, թե ուրիշներն ինչպես են սկսելու այդ բիզնեսը, բայց Հրանտ Վարդանյանն արդեն հստակ պատկերացնում է, որ իրեն անհրաժեշտ է պետության աջակցությունը: Այդ նպատակով գործարարը պատրաստվում է դիմել նոր Կառավարությանը, որը հայտնի է իր ուշադիր վերաբերմունքով նույն այդ գործարարի նկատմամբ:

Իսկ որպեսզի Հայաստանի բնակչությունը համատարած ցանկանա ձեռք բերել արեւային ջրատաքացուցիչներ, «Գրանդ Հոլդինգի» մասնագետները կատարել են հաշվարկներ եւ ուսումնասիրություններ` ապացուցելու համար, որ գազի եւ էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում յուրաքանչյուր ընտանիք կորցնում է հսկայական գումար: