ԵՐԿԱՏՎԱԾ ԿՅԱՆՔ

Հայաստան-Լիբանան դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, հաստատման եւ ամրանդման գործում իր նպաստը եւ ներդրումն է ունեցել այդ երկրում ՀՀ առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան Երվանդ Մելքոնյանը:

Ըստ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Լիբանանը արաբական աշխարհում մեր բարեկամ երկիրն է շնորհիվ վաղամեռիկ դեսպանի ճկուն դիվանագիտական գործունեության:

Այսօր արտգործնախարարությունում տեղի ունեցավ «Երվանդ Մելքոնյան. բանասերն ու դիվանագետը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել էր դիվանագետի մահվան հինգերորդ տարելիցի առթիվ:

Ըստ ներկաների, Երվանդ Մելքոնյանը Լիբանանում ստիպված էր ոչ միայն բարեկամական կապեր հաստատել արաբների հետ, այլեւ բարեկամական մթնոլորտ ստեղծել լիբանանահայ գաղութում:

1994թ. Երվանդ Մելքոնյանը երբ նշանակվեց Լիբանանի հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար-դեսպան, (1996թ. արտակարգ եւ լիազոր դեսպան), նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր ՀՅԴ վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը:

«Պետք է խոստովանեմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում հատկապես Հայ հեղափոխական դաշնակացական կուսակցությունը բացասական կեցվածք ունի Հայաստանի վարած քաղաքականության նկատմամբ : Նրա մամուլը՝ հատկապես «Ազդակ» թերթը, յուրաքանչյուր աստծո օրը դեսպանատան եւ աշխատակազմի հասցեին ժխտական, փաստորեն անհամապատասխան տեղեկատվություն է տպագրում, երբեմն էլ այնքան կրքոտ, որ նույնիսկ կարող է ժողովրդական տրամադրություն հարուցել»,– 1995թ. մի հարցազրույցում ասել է դիվանագետը:

Երվանդ Մելքոնյանը ոչ միայն ճկուն դիվանագետ էր, այլեւ գիտնական, մանկավարժ, հրատարակիչ, բարեգործ: Նա մի շարք հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է, խմբագրել է «էջմիածին» ամսագիրը, դասավանդել Գեւորգյան ճեմարանում: Երվանդ Մելքոնյանի մասին խոսողներն այսօր մի քանի անգամ կրկնեցին, որ նա ունեցել է երկատված կյանք. ծնվել է Սիրիայում, բայց այնտեղ չի ապրել, այլ Հայաստանում, ստացել է հոգեւոր կրթություն, բայց զբաղվել աշխարհիկ գործունեությամբ, ամուսնացել է, կինը վաղաժամ մահացել է (Երկրորդ կնոջ նախաձեռնությամբ էր տպագրվել այդ գիրքը):