Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԷԼ ԽՈՍԵՑ

Քաղաքականություն

«Ինչո՞ւ չէինք հայտնում մեր կարծիքը այս ընտրությունների վերաբերյալ», - հարցնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ ինքն իր հարցին պատասխանում. «Սպասում էինք, որ բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչները արտահայտեն իրենց վերաբերմունքը»:

Այսօր Պարույր Հայրիկյանը լրագրողներին ներկայացրեց ԱԻՄ-ի գնահատականը խորհրդարանական ընտրություններին: «2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցածը ընտրություններ կոչել չի կարելի: Խորհրդարանական ընտրությունների անվան տակ օրվա իշխանությունները ձեւավորեցին նոր Ազգային ժողով»,- ասաց նա:

Այնուհետ Հայրիկյանը խոսեց տեղի ունեցած խախտումների մասին: ԱԻՄ-ին զրկեցին Վանաձորի մարզային գրասենյակից, որը իրենց էր պատկանում 1989-ից ի վեր: Հիշատակեց նաեւ որոշ կուսակցությունների կողմից իրականացված ընտրակաշառքները (նշեց մասնավորապես ՀՀԿ, ՕԵԿ, ՄԱԿ, ՀՌԱԿ, ՀԺԱՄ-ը), պետական լրատվամիջոցները խախտել են քարողչության հավասար իրավունքի սահմանված կարգը, մի շարք ընտրատարածքներում «Ազատական դաշինքի» քվեները նվազեցվել են իշխանամետ կուսակցությունների քվեները հավելագրելու միջոցով, եւ սրանք դեռ խախտումների մի մասն են:

Եվ այս ամենի պատասխանատվությունը, ըստ պարոն Հայրիկյանի, ընկնում է «դավադրության կազմակերպիչ Հանրապետական կուսակցության, անձամբ 1974 թվականից ԿաեԲե-ի կամակատար դարձած Անդրանիկ Մարգարյանի, մյուս իշխանամետ ուժերի եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վրա»: Սակայն ԱԻՄ-ը Սահմանադրական դատարան դիմելը ավելորդ է համարում, քանի որ ուրիշ դիմողներ արդեն կան, եւ մի դիմումը բավական է ճիշտ եզրակացություն կատարելու համար:

Իսկ ի՞նչն էր «Ազատական դաշինքի» անհաջողության գաղթնիքը: Այսօր երկրում իշխում է ՊԱԿ-ը (ԿաԳեԲե-ն), ասում է Հայրիկյանը, իսկ ԱԻՄ-ը, ըստ նրա, նրանց «աչքի փուշն է»: Սակայն արդյո՞ք ճիշտ է դրանով բացատրել նրանց պարտության պատճառը: Ինչեւէ, ԱԻՄ-ը խոստանում է շարունակել աշխատել եւ «թեւ ու թիկունք, հենարան լինել ազնիվ ու արժանապատիվ հայերին»: