Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 հիվանդ' նույն ընտանիքից (տեսանյութ)

Հասարակություն

 «Ես եկա այն համոզման, որ սա նույն սովորական գրիպն է,  նույն ձեւով է տարածվում: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, ամեն տարի էլ գրիպ է եղել: Մինչդեռ,  հիմա մենք եւ դուք'լրագրողներդ,  շիկացնում ենք իրավիճակը,  մարդիկ էլ խուճապահար նետվում են դեղատներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

 Այսօր հայտնի է դարձել խոզի գրիպով վարակման 5 նոր կասկածելի դեպքերի մասին: Վարակվածները, Արա Ասոյանի տեղեկացմամբ' Հայաստանի քաղաքացիներ  են, նույն  ընտանիքի անդամներ:

«Ընտանիքի անդամներից մեկը  ժամանել է արտերկրից եւ վարակել մյուսներին:  Հիվանդները անմիջապես տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ հիմա հետազոտվում են»,-«Ա1+»-ին ասաց Արա Ասոյանը: 

Գլխավոր համաճարակաբանը համոզված է'հիվանդների թիվը դեռ կաճի, սակայն խորհուրդ տվեց խուճապի չմատնվել:

  «Խնդրում եմ, օգնեք,  որ մարդիկ խուճապի մեջ չընկնեն: Հո երկիրը չենք կաթվածահարելու՞: Այսօր զանգվածային փսիխոզ է սկսվել: Գնացե'ք դեղատների մոտ կանգեք, տեսե'ք ինչ է կատարվում: Մարդիկ իրենց վերջին կոպեկն են տալիս, հաց չեն առնում,  որ ախմախ բաներ առնեն դեղատներից, որտեղ գները արհեստականորեն բարձրացել են: Օգնեք, որ դա վերանա»,-«Ա1+»-ին ասաց Արա Ասոյանը:

«Կա արդյո՞ք ծրագիր հասարակական եւ տրանսպորտային որոշ վայրերում դիզինֆեկցիոն աշխատանքներ սկսելու վերաբերյալ»,-«Ա1+»-ի հարցին գլխավոր համաճարակաբանը պատասխանեց. «Սա օդակաթիլային ինֆեկցիա է եւ դրա դեմ ծրագիր մշակելը  մի քիչ դժվար է,  մի քիչ խաբեություն եւ  մի քիչ էլ բիզնես: Դրանից հարյուր տոկոսով հնարավոր չէ պաշտպանվել, սակայն եթե զգանք,որ կարիք կա' կանենք: Առայժմ  նման խնդիր չունենք»:

Հայաստանում A\H1N1 -ով  11 վարակվածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ Թուրքիայի, մյուսները' Հայաստանի: Հիվանդներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսները  ստանում են ստացիոնար բուժում: Նրանց տրամադրվում  է նաեւ իմունային համակարգը բարձրացնող դեղամիջոցներ:    

  Դիմակների գները բարձրացել են եռակի

«Խոզագրիպի» դեմ պայքարի ամենաարդյունավետ դեղամիջոցը համարվում է «Տամիֆլյու»- ն, 4000 դրամից  այն հասել է 18 .000 դրամի/ : Ի դեպ, այն պետք է օգտագործվի միայն վարակի դեպքում:

«Ա1+»-ը որոշեց շրջայց  կատարել կենտրոնի մի շարք դեղատներում: «Երեւան» կինոթատրոնի շենքում գործող դեղատանը տեղեկացրեցին, որ «Տամիֆլյու» վաղուց չունեն: Երեք օր է' ինչ վերջացել են նաեւ  պաշտպանիչ  դիմակները: Այստեղ վաճառողները կրում  էին  բժշկական դիմակներ:

  «Պարզապես մարդիկ չեն ենթադրել, որ  դիմակները դեղատներից  կվերջանա»,-«Ա1+»-ի հետ զրույցում  ասաց դեղատան դեղագետ  Օֆիկ Խասրաֆյանը:  Նա նաեւ տեղեկացեց, որ իրենք մեկ  դիմակը վաճառել են 60 դրամով: Մինչդեռ , ինչպես պարզվեց մեր շուրջայցի ընթացքում, մյուս  բոլոր դեղատներում դիմակների  գները 150-200 դրամ էին: Ի դեպ, մի դիմակը կարելի է կրել ընդամենը 2 ժամ:

«Մեր դեղատներում խուճապային իրավիճակ չկա,  ամեն ինչ ընթանում է նորմալ: Ունեք մեծ քանակությամբ  դիմակներ, օրական  վաճառում ենք 100-150 հատ: Վերջին երեք օրերի ընթացում դրանց գները իհարկե,  բարձրացել են  եւ մոտ 100 դրամից դարձել 200 դրամ»,-«Ա1+»-ին ասաց «Լավանդա» դեղատան դեղագործ Պայծառ Նազարյանը:

Իսկ ինչո՞վ  է դա պայմանավորված' հարցին  պատասխանեց  «Լավանդա  Հոլդինգի»  տնօրեն Գրիգոր Կադարյանը. «Մենք գները արհեստականորեն չենք բարձրացնում, այլ դրանք համաձայնեցնում ենք մատակարարների հետ: Թանկացումը, կարծում եմ, պայմանավորված է  ընդհանուր շուկայի պահանջարկի հետ»:

Դպրոցականները զգուշացվել են

 Թե' սննդի կետերում, թե' հասարակական առեւտրի վայրերում առայժմ ՀՀ քաղաքացիների մեծ մասը շրջում էին առանց պաշտպանիչ դիմակների:  

«Կարծում եմ, վարակը այն աստիճանի տարածված չէ, որ  հարկ լինի դիմակներով ման գալ»,-«Ա1+»-ին ասաց  երեւանաբնակ  Լիանա Գալստյանը: Մինչդեռ, կանխարգելիչ միջոցառումեր են կիրառվել մի շարք դպրոցներում: Դպրոցական Դավիթ Անդրեասյանը, որին դիմակով հանդիպեցինք փողոցում, ասաց,  որ իրեն հորդորել են այն կրել դպրոցական բժիշկն ու  ծնողները:   

«Պաշտպանվում եմ խոզի գրիպից: Ընկերներիս հետ  դեղատնից գնել ենք  դիմակներ: Ես օրական կրում եմ երկու հատ դիմակ' 4 ական ժամով»,-ասաց նա: