Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ հիմնախնդիրը Թուրքիան նորից մեջտեղ կբերի»

Հարցազրույց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից տարածաշրջան քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը որեւէ լուրջ ակնկալիք չունի: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ բացասական է վերաբերում, որ համանախագահները այս անգամ ժամանակ չգտան այցելել Ղարաբաղ:

-         Առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, առանց ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն իմանալու' ԼՂ հիմնախնդիրը չի լուծվի: Վատ է, որ համանախագահները ԼՂՀ չայցելեցին: Այնուամենայնիվ, ես մեծ սպասելիքներ չունեմ համանախագահների այս այցից: Այն հերթական աշխատանքային այցն է: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հերթական անգամ սրվել է տեղեկատվական պատերազմը: Շատ են տարածվում չճշտված լուրեր, որոնք շատ կարեւոր են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար:

-            Դուք նկատի ունենք նաեւ այն տեղեկատվությո՞ւնը, թե  ԱՄՆ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, որը եւ հերքվեց:

 -         Դժվար է ասել, թե ով էր այդ ստի հեղինակը, սակայն պարզ է, որ ԱՄՆ-ն չէր կարող պաշտոնական մակարդակով նման սուտ տարածել: Ինչո՞ւ. ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, ակտիվ աշխատում է' ԼՂ հարցում լուծում գտնելու համար: Ամեն մի հայտարարության մեջ պետք է լինի տրամաբանություն: Այլ հարց է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կողմերը չկապեն Մինսկի խմբի հետ, սակայն այսօր լուրջ պրոցես է ընթանում Մինսկի խմբում եւ տրամաբանական չէ ԱՄՆ-ից սեպարատիվ քայլերի սպասումը:

-         Ձեր կարծիքով, ո՞րն էր այդ տեղեկատվության տարածման եւ հերքման նպատակը:

-         Նման լուրեր տարածում են, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի:

-         Ինչի՞ց :

-         Խնդրի կոնստրուկտիվ մոտեցումից: Մեզ միտումնավոր անիրականանալի հույսեր են տալիս, որ մենք շեղվենք ճիշտ ուղուց եւ գնանք սխալ ճանապարհով: Մինչդեռ կա Մինսկի խումբ, որի ձեւաչափը չի սպառվել:

-         Վերադառնանք համանախագահներին, որոնք այսօր Երեւանում են չեն պատրաստվում այցելել ԼՂՀ: Հաշվի առնելով այն փաստը, որ համանախագահներն էլ են ընդունում, որ առանց բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության խնդիրը չի կարգավորվի, որքանո՞վ է լուրջ կամ ճշմարիտ համանախագահների, մասնավորապես Բառնար Ֆասիեիի այն հայտարարությունը, թե ԼՂՀ գնալու համար ժամանակ չունեն:

-         Պետք չէ ցավոտ ընդունել համանախագահների հայտարարությունները կամ նրանց ԼՂՀ չայցելելը: Նույն Ֆասիեն երկու շաբաթ առաջ մեզ համար շատ կարեւոր հայտարարություն է արել: Նա ասաց, որ ԼՂ հիմնախնդիրը կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ: Այսօր  ՀՀ դիվանագիտությունը մեկ բան ունի անելու. աշխարհին պետք է ապացուցի, որ առանց ԼՂ-ի անմիջական մասնակցության խնդիրը չի կարգավորվելու:

-         Ձեզ համար բավարա՞ր է Ֆասիեի այդ հայտարարությունը, որ ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների միջեւ կապ չկա:

-         Այսօրվա պայմաններում երեք համանախագահներն էլ ունեն  ճիշտ դիրքորոշումներ: Նրանք ուղղակի կամ անուղղակի ասում են, որ ԼՂ-հիմնախնդիրը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Մենք պետք է այդ դրական հայտարարություններն օգտագործենք: Ֆասիեի այդ հայտարարությունը նրա անձնական անունից չէ, այլ երեք համանախագահների, որոնք ներկայացնում են իրենց երկրների դիրքորոշումները:

-         Դուք անձամբ կապ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի միջեւ: 

-         Հայ-թուրքական արձանագրություններում դե յուրե այդ կապը չկա, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փորձ է արվում ստեղծել այդ կապը' կոնկրետ գործունեությամբ: Օրինակ' փորձ է արվում Թուրքիայի խորհրդարանում ձգձգել արձանագրությունների վավերացումը: Դա նշանակում է, որ Թուրքիան ԼՂ հիմնախնդիրը նորից մեջտեղ կբերի: Այստեղ ՀՀ-ն պետք է ավելի արագ վավերացնի արձանագրությունները մեր խորհրդարանում եւ դրանից հետո մենք հանգիստ կսպասենք Թուրքիայի քայլերին: Առաջինը չվավերացնելով արձանագրությունները' մենք նպաստում ենք, որ Թուրքիան նորից առաջ քաշի ԼՂ հիմնախնդիրը:

 Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը