Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գծատերերը» 144 մլն պա՞րտք են վարորդներին

Հասարակություն

Երեւանում այսօր ակնհայտ էր,որ տրանսպորտը լավ չի աշխատում:
Պատճառն այն է, որ շատ երթուղային տաքսիների վարորդներ այսօր ուղղակի աշխատանքի դուրս չէին եկել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին են դիմել վերգետնյա ուղևորափոխադրում իրականացնող մի խումբ կազմակերպություններ` նշելով որ վերջին շրջանում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրենց կազմակերպություններում իրականացվում են աննախադեպ մասշտաբի ստուգումներ: Այդ պատճառով երթուղայինների վարորդները որոշել էին աշխատանքի դուրս չգալով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ այդ ստուգումների:

Արդյունքում տեսչության կողմից նշվել են որոշ խախտումներ, որոնք, ըստ «գծատերերի»` անհիմն են: Օրինակ` այն, որ տեսչության կողմից հիմք է ընդունվել տարիներ առաջ հաստատված վարորդների աշխատաժամերի հաշվարկի չվացուցակներով սահմանված ժամաքանակը, ինչի արդյունքում անտեսվել է վարորդների փաստացի կատարած աշխատաժամանակը: Ի պատասխան ուղևորափոխադրողների դիմումի` Երևանի քաղաքապետարանում կազմվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու բարձրացված հարցը, մասնագիտական եզրակացություն կատարելու և համապատասխան լուծում առաջարկելու համար:

Փորձեցինք իմանալ հենց երթուղայինների վարորդների կարծիքը, սակայն նրանք ամեն կերպ խուսափեցին պատասխանել մեր հարցերին` մատնանշելով, որ այդ հարցերով զբաղվում են միայն իրենց «տնօրենները»:

ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Քամալյանը «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենք ոչ թե ստուգումներ, այլ ուսումնասիրություններ են անցկացրել ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպություններում: Ստուգումներ, ըստ նրա` կլինեն միայն այն ժամանակ, երբ «գծատերերը» չկտարեն տեսչության պահանջները: Գործող 75 ուղեւորափոխադրում իրականացնող երթուղայիններից 5-ում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն արձանագրել են աշխատանքային օրենսդրության բազմաթիվ խախտումներ:

Մասնավորապես դրանք վերաբերում են աշխատանքային ժամերին ու հանգստին: Երթուղայինների վարորդները գերազանցում են աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային ժամերը` այն հասցնելով մինչեւ 16-17 ժամի: Բացի այդ` վարորդները չունեն հանգստյան օրեր, աշխատում են գերծանրաբեռնված, գերլարված: Այդ վիճակով ղեկին նստելը, ըստ Արսեն Քամալյանի` հասարակական վտանգ է ներկայացնում:
Բացի այդ` տեսչությունն արձանագրել է, որ «գծատերերը» բավականին մեծ պարտքեր ունեն վարորդներին: Ուսումնասիրված 5 կազմակերպություններում տեսչությունն հայտնաբերել է 144 մլն դրամ չհաշվարկված ու չվճարված աշխատավարձ: Եթե մինչեւ նոյեմբերի 16-ը «գծատրերը» գլխավոր տեսուչին հաշվետու չլինեն այն մասին, որ այդ գումարները վճարված չեն, ապա նրանք համապատասխան վարչական պատասխանատվության կենթարկվեն: