Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ-ն արձանագրություններում ԼՂ-ն չի տեսնում (տեսանյութ)

Հարցազրույց

Ցյուրիխում երեկ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ԼՂՀ  Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը որպես նախապայման ԼՂ-ն չի տեսնում: «Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ԼՂ հիմնախնդիրը երբեւէ չի կարող կարգավորվել առանց ԼՂ մասնակցության:

-         Ես հայկական կրթություն ունեմ եւ կարդալով այդ արձանագրությունները' որեւէ մտավախություն չունեմ ԼՂՀ-ի համար: Որպես ԼՂՀ ՊԲ նախարար ես չեմ ցանկանում մեկնաբանել ՀՀ նախագահի գործունեությունը: Ես միայն կարող եմ վստահեցնել, որ ԼՂ  հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԼՂ-ի մասնակցությամբ:

-         Պարոն Հակոբյան, Դուք ասում եք, որ ԼՂ հիմնախնդիրը չի կարող կարգավորվել առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւանում ի լուր աշխարհի հայտարարեց, որ խնդրի կարգավորումը մտել է վերջնական փուլ: Ինչպե՞ս հասկանալ:

-          ԼՂ հիմնախնդիրն այսօր չի կարող մտնել վերջնական փուլ, դա ընդամենը  Ադրբեջանի նախագահի քարոզչություն  է:

-         Քարոզչությո՞ւն է նաեւ ազատագրված տարածքների վերադարձի մասին լուրերը, որի մասին հայտարարում են, թե բանակցող կողմերը եւ թե համանախագահները:

-         ԼՂՀ-ի տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ եւ այն փոփոխության կարող է ենթարկվել միայն Սահմանադրության փոփոխության դեպքում, որը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեի միջոցով: Եթե որեւէ մեկը ԼՂՀ-ի Սահմանադրությունը կասկածի տակ է դնում,  դա նրանց խնդիրն է: Ինձ եւ Արցախի ժողովրդի համար մեր տարածքներն ամրագրված են Սահմանադրությամբ:

-         Դուք որեւէ ակնկալիք ունե՞նք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումներից:

-         Անկախ ամեն ինչից, ԼՂՀ-ի վերաբերյալ բոլոր հանդիպումներն ինձ համար հետաքրքիր են, սակայն դրանք որոշումներ կայացնելու համար չեն: Իմ կարծիքով խնդրի կարգավորման վերջնական փուլը շատ հեռու է:

-         Ձեր կարծիքով ԼՂ-ն, ե՞րբ կարող է դառնալ բանակցությունների լիարժեք մասնակից: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության մասին խոսում են նաեւ համանախագահները, սակայն ժամանակ չեն նշում: ԼՂՀ-ի մոտ ապագայում դա հնարավո՞ր է: 

-         ԼՂՀ-ն բանակցությունների մասնակից կդառնա այն ժամանակ, երբ դրան պատրաստ լինի Ադրբեջանը:

-         Ադրբեջանը ինչո՞ւ չի ցանկանում ԼՂՀ-ի հետ դեմ առ դեմ բանակցել, վերջին հաշվով դա իր եւ ԼՂՀ-ի խնդիրն է:

-         Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէ հաշվի նստել իրողության հետ:

-         Ադրբեջանը ոչ միայն իրողության հետ հաշվի չի նստում, այլեւ շարունակում է զարգացնել իր ռազմատենչ հայտարարությունները եւ ընդլայնել իր ռազմական բյուջեն: Այսօր ԼՂՀ բնակչությունն իրեն ապահո՞վ է զգում:

-         ԼՂՀ Կառավարությունն ունի իր ՊՆ-ն, որը եւ պատերազմի ընթացքում եւ այսօր  ապահովում է ԼՂՀ ժողովրդի պաշտպանությունն ու   անվտանգությունը: Այն ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության զարգացմանը, ապա դա մեզ համար մտահոգիչ է, այն պատճառով, որ դրանք հայտարարություններով չեն սահմանափակում. Ադրբեջանը նաեւ ռազմական գործողություններ է կատարում:

-         Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հրադադարի խախտումների, ռազմական հայտարարությունների վրա:

-         Ես ԼՂՀ ԱԳ նախարարը չեմ եւ իմ պաշտոնը քաղաքական չէ: Ես զինվորական եմ եւ ես հույս չունեմ, որ որեւէ մեկը մեզ կօգնի Ադրբեջանին զսպելու համար: Մենք մեր ժողովրդով, մեր գործողություններով պետք է հակառակորդին պարտադրենք, որ զուսպ լինի: 

-         Փաստն այն է, որ ԼՂ հիմնախնդրի բանակցություններն այսօր ընթանում են առանց ԼՂՀ-ի մասնակցության: Եթե ՀՀ-ն եւ Ադրբեջանը ԼՂ հարցում որեւէ փաստաթուղթ ստորագրեն այն ընդունելի կլի՞նի ԼՂՀ-ի համար:

-         Այդպիսի բան անհնարին է:

-         Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ՊՆ-ի պատրաստվածությունը, ԼՂՀ ժողովրդի ոգին:

-         Մեր բանակը այսօր իրականացնում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները, իսկ ժողովրդի ոգին կարող է զգալ դուրս գալով փողոց եւ հարցեր տալով ցանկացած ղարաբաղցու:

-         Կարելի՞ ասել, որ ԼՂՀ ժողովուրդն այսօր պատրաստ է տեր կանգնել իր հողերին եւ նրան հնարավոր չէ պարտադրել որեւէ քաղաքական որոշում:

-         Այդ հարցը ԼՂՀ-ում քննարկման առարկա չէ:

Հարցազրույցը վարեց' Վիկտորյա Աբրահամյանը